«Եկեք չերազենք Մայադանի մասին, այլ դասեր քաղելով, ամեն բան անենք` հարցերը բանակցային ճանապարհով լուծելու համար». Թևան Պողոսյան

թևան պողոսյանԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանի խոսքով` այսօր ընդդիմության վիճակը պետության վիճակի նման է: Չի կարող պետությունը, իշխանությունը հզոր լինել, ընդդիմությունը` ոչ:

Անդրադառնալով ԱԺ վերջին քառօրյային` այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Թևան Պողոսյանը նշեց, որ այս անգամ ընդդիմությանը հաջողվեց օրակարգ առաջ քաշել, ողջ քառօրյայի ընթացքում քննարկվեցին արտահերթ հարցեր հանձնաժողովներ ստեղծելու վերաբերյալ:

«Ցավոք, մենք դեռ չենք կարողանում այնպես անել, որ ընդդիմության նախաձեռնությունների 90%-ն իրականություն դառնա: Բարձրաձայնելը մի հարց է, խնդիրների լուծման հասնելը` մեկ այլ: Այն քաղաքակիրթ մեխանիզմները, որոնցով ընդդիմությունը կարող է իր հարցերը լուծել, չեն գործում, որովհետև վերջնական որոշումը կախված է մեծամասնության ցանկությունից, որը մեկ-մեկ քմահաճույքի է վերածվում: Այսօր մեր մեծամասնությունը ցանկացած հարց մեկ օրում կարող է մտցնել ԱԺ և անցկացնել»,-ասաց պատգամավորը:

Ինչ վերաբերում է Հայաստանում ուկրաինական Մայդանի հնարավոր կրկնությանը, Թևան Պողոսյանը նշեց, որ Մայդանը պայքար էր քաղաքական դաշտերի, օլիգարխների, քաղաքական ուժերի, ներքին բաժանումների: Հայաստանը, բարեբախտաբար, այսօրվա դրությամբ չունի այս պայքարների շատ ու շատ տեսակներից: Ի վերջո, եթե Մայդանում շարունակվեին խաղաղ ցույցերը, մինչև հիմա էլ այդ ցույցերը կտևեին:

«Մենք չունենք ռեսուրս արյուն թափելով հարց լուծելու համար: Եկեք չերազենք Մայադանի մասին, այլ դասեր քաղելով, ամեն բան անենք հարցերը բանակցային ճանապարհով լուծելու համար: Մեր պատմության մեջ էլ եղել են դեպքեր, որ մեզ դաս պիտի լինեն»,- ասաց պատգամավորը:

Tags: , ,