Գառնիկ Իսագուլյանը չի բացառում, որ Հայաստանում էլ կարող է Մայդան լինել

Գառնիկ Իսագուլյան«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի խոսքով` ուկրաինական զարգացումները ցույց տվեցին, որ Մայդանում կանգնած ժողովրդին եվրաասոցացման պայմանագիրը չէ, որ հետաքրքրում էր:Ուկրաինական դեպքերը պայմանավորված էին ոչ թե ուկրաինացի ժողովրդի կողմնորոշմամբ դեպի Արևմուտք կամ Ռուսաստան, այլ այդ ամենի մեջ բացառապես դերակատար էր ուկրաինական իշխանությունների վարած ներքին քաղաքականությունը: Ուկրաինայի իշխանությունը թաղված էր կոռուպցիայի մեջ, երկրի նախագահը բացառապես անձնական խնդիր էր լուծում, նրա սիրախաղը թե’ Արևմուտքի, թե’ Ռուսաստանի հետ պայմանավորված էր բացարձակապես իր ընտանեկան վիճակի բարելավմամբ, որից դժգոհ էր ամբողջ ուկրաինացի ժողովուրդը` հարավ-արևելյան շրջաններից մինչև արևմտյան շրջան:

«Այս ֆոնին հատկապես աջ ծայրահեղական ուժերը կարողացան հաստատել իրենց իշխանությունը` չխորշելով որևէ միջոցից և շատ լավ գիտակցելով, որ Արևմուտքին ևս ձեռնտու է պայքարի իրենց ձևը»,- ասաց Գառնիկ Իսագուլյանը:

Անդրադառնալով Հայաստանի և Ուկրաինայի միջև անցկացվող զուգահեռներին և Հայաստանում Մայդանի հնարավոր կրկնությանը` Գառնիկ Իսագուլյանը նշեց, որ այնպես, ինչպես դեպքերը զարգացան Ուկրաինայում, Հայաստանում բացառված է շատ պարզ պատճառով. Հայաստանում չկան այն աջ ծայրահեղական ուժերը, որոնք կային Ուկրաինայում, Հայաստանում չկան արևմտամետականության և ռուսամետականության նման դրսևորումներ, ինչպես Ուկրաինայում, Հայաստանում դա շատ արհեստածին է:

«Բայց սա չի նշանակում, որ հայաստանյան իշխանությունները, հատկապես կոռուպցիոն և անձնական շահը պետականից ու ազգայինից գերադասելու տեսանկյունից հետ են մնում ուկրաինական իշխանություններից: Մեր իշխանությունները դեռ ինչ-որ տեղ էլ շատ ավելին են անում, քան անում էին ուկրաինական իշխանությունները: Եվ այն, որ հենց այդ ֆոնին Հայաստանում հնարավոր են հուզումներ, որոնք այնուհետև կարող են վերաճել հեղափոխական շարժման և հանգեցնել իշխանափոխության, ամենևին բացառել չի կարելի: Իշխանությունները չեն ուզում հասկանալ մի պարզ ճշմարտություն, որ հենց իրենց մեղքով Հայաստանում կարող է լինել Մայդան»,- ասաց Գառնիկ Իսագուլյանը` հավելելով, որ, եթե նման բան լինի, ապա ոչ նույն սցենարով և հետևանքներով, ինչպես Ուկրաինայում:

 Անկախ

Tags: , ,