Գրքի շնորհանդես Նյու Յորքում

Գրքի շնորհանդես Նյու ՅորքումՓետրվարի 27-ին Նյու Յորքի ՀԲԸՄ-ի կենտրոնատեղիում ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչության հովանու ներքո կայացավ Աննա Աստվածատուրյան-Թըրքոթթի գրքի շնորհանդեսը:

«Ոչ մի տեղ՝ աքսորի մի պատմություն» վերնագրով գրքում արտացոլված է հեղինակի անձնական պատմությունն ու հուշերը` Բաքվի հայության դեմ իրականացված ոճրագործությունների վերաբերյալ: Որպես դեռահաս աղջիկ Աննան ականատես է լինում ողբերգության սարսափելի իրադարձությունների, իր ընտանիքի հետ միասին մազապուրծ փախչում Ադրբեջանից, դառնում փախստական և ստիպված լինում ԱՄՆ-ում ամեն ինչ սկսել նորից: Հեղինակը պատմում է վերապրածների ու համայն հայության վրա այդ ոճրագործությունների պատճառած ծանր հետևանքների մասին:

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանը, բարձր գնահատելով հեղինակի յուրօրինակ աշխատությունը և կարևորելով  ԱՄՆ հասարակական կարծիքի իրազեկմանն ուղղված հեղինակի շարունակական ջանքերը` դեսպանը նշեց, որ ամենամյա ոգեկոչման արարողություններն առիթներ են հանդիսանում ի մի բերելու համահայկական ներուժն ու կարողությունները` Ադրբեջանի «խավիարային դիվանագիտության» և կեղծ քարոզչության դեմ արդյունավետ ու նպատակաուղղված պայքար տանելու համար:

Միջոցառմանը ներկա էին համայնքային տարբեր կառույցների ներկայացուցիչներ, լրագրողներ, ամերիկահայ երիտասարդներ և օտարերկրացիներ:

 

Անկախ

Tags: , ,