Շուշիի ազատագրման 21-ամյակին նվիրված միջոցառում Ժնեւում

323.Event dedicated to the 21st anniversary of the liberation of Shushi in Geneva 11.05.2013Մայիսի 8-ին Շվեյցարիայում ՀՀ դեսպան Շառլ Ազնավուրի հովանավորությամբ եւ բազմաթիվ հյուրերի մասնակցությամբ Ժնեւի հայկական կենտրոնում անցկացվեց Շուշիի ազատագրման 21-ամյակին նվիրված միջոցառում:

Իր բացման խոսքում դեսպան Ազնավուրը կարեւորեց Շուշիի ազատագրումը արցախյան հաղթական ազատամարտում եւ նշեց, որ նման հաղթական իրադարձությունները եւ դրանց նշումը ուղղորդում են հայ ժողովրդին հետագա հաղթանակների:

Միջոցառման ընթացքում ելույթ ունեցավ Ֆրանսիայում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցիչ Հովհաննես Գեւորգյանը, ով ընդգծեց Շուշիի հաղթանակի պատմական նշանակությունը արցախյան ազատամարտում` բարձր գնահատելով այդ հաղթանակում հայ ժողովրդի միասնության, Հայաստանի, Արցախի եւ հայկական սփյուռքի դերը, ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զարգացման ներկա ընթացքը:

Միջոցառմանը ցուցադրվեց  ԼՂՀ ձեռքբերումներին նվիրված տեսաֆիլմ:

Տոնական միջոցառման ավարտին ելույթ ունեցավ Ժնեւի Սբ. Հակոբ Եկեղեցու հոգեւոր հովիվ, հոգեշնորհ Տեր Հայրիկ աբեղա Հովհաննիսյանը, ով, շնորհավորելով ներկաներին մայիսյան հաղթանակների առթիվ, վստահություն հայտնեց, որ պատերազմում հաղթանակած արցախահայությանը կհաջողվի խաղաղության պայմաններում շենացնել հայրենիքը եւ հզորացնել հայկական պետականությունը:

Միջոցառումը եզրափակվեց Շվեյցարիայում ՀՀ դեսպանի անունից տրված ընդունելությամբ:

Tags: