«Նախախորհրդարանը» չի մասնակցի ՀԱԿ հանրահավաքին. իմաստ չի տեսնում

The 6th anniversary of the drama events of March 1Քիչ առաջ Մյասնիկյանի արձանի մոտ, որտեղ 6 տարի առաջ տեղի էին ունեցել ողբերգական դեպքեր, «Նախախորհրդարանի» անդամները ծաղիկներ դրեցին մարտի 1-ի 10 զոհերի հիշատակին:

«Նախախորհրդարանի» անդամ Ժիրայր Սեֆիլյանը նշեց, որ իրենք չեն մասնակցելու Ազատության հրապարակում սպասվող Հայ ազգային կոնգրեսի հրավիրած հանրահավաքին, որովհետև դրա իմաստը չեն տեսնում։

«Միավորում պետք է տեղի ունենա գործող համակարգից դուրս։ Ոչ հեռու ապագայում բոլորս կհամոզվենք, թե ինչպե՞ս է համակարգից դուրս ձևավորված դաշտը մեր երկրին տեր կանգնում։ Որոշել ենք այսօր ոչ մի ցուցադրական բան չանել, պարզապես չէինք կարող չգալ և հարգանքի տուրք չմատուցել զոհվածների հիշատակին: Իրականում մարտի 1-ի զոհերի իմաստավորման խնդիր կա։ Հերթական փոփոխության գնալիս` շատերն ասում են, որ արյուն է թափվելու։ Ես ասում եմ՝ մենք արդեն արյուն թափել ենք, բայց այդ զոհերի արյունը չենք կարողացել իմաստավորել»,- ասաց Ժիրայր Սեֆիլյանը։

Մյասնիկյանի արձանի մոտ են զոհվածների հիշատակը հարգեցին նաև Դավիթ Շահնազարյանը, իրավապաշտպան Արթուր Սաքունցը, «Դուրս արի փողոց» նախաձեռնության անդամները և այլոք:

Երթի մասնակիցները պետք է շարժվեն Գրիգոր Լուսավորիչ-Պարոնյան-Պռոշյան երթուղով դեպի Բաղրամյան 26։

Հիշեցնենք, որ 2008-ի մարտի 1-ի առավոտյան ոստիկանությունը ուժով ցրեց Ազատության հրապարակում հավաքվածներին, ովքեր փետրվարի 18-ի նախագահական ընտրություններից հետո 10 օր շարունակ Ազատության հրապարակում հավաքված` պահանջում էին քվեարկության արդյունքների վերանայում:

Մարտի 1-ի երեկոյան իշխանությունները հրազեն կիրառեցին անզեն ցուցարարների դեմ: Ցուցարարների և ուժայինների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով զոհվեց 10 քաղաքացի, այդ թվում՝ երկու ոստիկան:

 

Անկախ

Tags: , , ,