Մարտի 1-ին «Դինամո» մարզադահլիճում կայացան բռնցքամարտի Հայաստանի մեծահասակների առաջնության կիսաեզրափակիչ մենամարտերը:
49 կգ քաշային կարգում վստահ հաղթանակ տոնեց Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոն Կորյուն Սողոմոնյանը, ով եզրափակիչում կմրցի Սուրեն Առաքելյանի հետ: 52 կգ քաշային կարգում իրենց մենամարտերը հաղթանակով ավարտեցին և եզրափակիչ դուրս եկան Արարատը ներկայացնող Գարեգին Ավետիսյանը և ԵՕՀՊՄՔ սան Նարեկ Աբգարյանը: 56 կգ քաշային կարգում հավասարը չունեին Հենրիկ Մոքոյանն ու Արթուր Մովսիսյանը: 60 կգ քաշային կարգում կրկին տպավորիչ հաղթանակ տոնեց Հայրիկ Նազարյանը, ով կիսաեզրափակիչում առավելության հասավ Կարեն Տոնականյանի նկատմամբ: Այս քաշային կարգի մյուս կիսաեզրափակչում Արթուր Վարդանյանը պարտության մատնեց Անդրանիկ Հլոյանին: Վիճահարույց ստացվեց 64 կգ քաշային կարգի Արա Պուլուզյան Գոռ Երիցյան մենամարտը: Ի վերջո, մրցավարները հաղթանակը շնորհեցին Պուլուզյանին: 64 կգ քաշային կարգի հաջորդ մենամարտում Հովհաննես Բաչկովը առավելության հասավ Մաքսիմ Ակոպովի նկատմամբ:
69 կգ քաշային կարգում եզրափակչի ուղեգիր նվաճեցին Վլադիմիր Մարգարյանն ու Լեո Պապյանը: 75-ում եզրափակիչ դուրս եկան և չեմպիոնի տիտղոսի համար կպայքարեն Արման Հովիկյանն ու Արման Դարչինյանը: 81 կգ քաշային կարգի եզրափակիչում հանդես կգան Երևանի Օլիմպիական հերթափոխի քոլեջի սաներ Նիկոլ Արությունովն ու Ռուսլան Իբրահիմյանը: 91-ում չեմպիոնական տիտղոսը կվիճարկեն Արամ Իքլիմյանն ու Հենրիկ Սարգսյանը: Եվ վերջապես գերծանր քաշային կարգ: Այստեղ ոսկե մեդալի համար ռինգ դուրս կգան Վանաձորի մարզադպրոցի սան Ռաֆայել Սիմոնյանն ու Օլիմպիական հերթափոխի քոլեջը ներկայացնող Աղասի Մեհրաբյանը: Տեղեկացնենք, որ եզրափակիչ մենամարտերը կկայանան մարտի 2-ին 14:30-ին:
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայություն
