Մարտի 1-ին, գարնան առաջին օրը Նկարիչների միությունում տիրում էր ճապոնական մթնոլորտ: Նախաձեռնողը Հայաստանում Ճապոնիայի դեսպանությունն է, իսկ իրականացնողները` հայ-ճապոնական ՙՙՀիկարի՚՚ մշակութային կենտրոնն ու Գեղագիտության ազգային կենտրոնը: Միջոցառումը կազմակերպվում է 4-րդ անգամ, այն դարձել է ավանդական:
ՙՙՀանա՚՚ երգչախումբը հյուրերի համար կատարեց ճապոնական 2 երգ, որոնք նվիրված էին գարնանը: Ի դեպ, աղջիկների խմբին էին միացել նաեւ ժամանակավորապես Հայաստանում գտնվող 3 ճապոնացի երիտասարդները, ովքեր միմյանց հետ ծանոթացել են այստեղ ճանապարհորդելիս: Ճապոնական մշակույթի մի կարեւոր հատվածը` իկեբանայի արվեստը, հայերի համար բացահայտում էր ճապոնուհի Միդորի Յամադան: Սենսեյը նախ խոսեց դրա նշանակության մասին, այնուհետեւ սկսեց կազմել ծաղկային կոմպոզիցիաներ` բացատրելով, թե ինչի համար է պետք այս կամ այն գույնը, այս կամ այն բույսն իրար հետ համադրելը: Այս անգամ ընտրել էին ՙՙԻկենոբո՚՚ ուղղությունը:
Իկեբանայի արվեստը հին ժամանակներում հիմնականում կենտրոնացած էր տաճարներում եւ մենաստաններում: Դրանով զբաղվում էին վանահայրերը, իսկ պալատներում` ֆեոդալների ծառաները: Վարպետների հայտնի դինաստիայի հիմքը դրել է հոգեւորական Իկենոբո Սենկեյը: Մի անգամ կառավարչի խնդրանքով նա ոսկե ծաղկամանի մեջ պատրաստում է բույսերի կոմպոզիցիա: Նրա վարպետությունը սենսացիա է առաջացնում:
Մարտի 2-ին Նկարիչների միությունում տեղի կունենա թեյախմության արարողությունը. Սենսեյ Միդորին Ճապոնիայից հատուկ բերված բույսերով տեղում կպատրաստի թեյ, իսկ օգնականը, միաժամանակ բացատրելով արարողակարգի խորհուրդը, կհյուրասիրի ներկաներին: Միջոցառման 3-րդ օրը հարթակը կտրամադրվի ճապոնական սումի-է ոճի գեղանկարչությանը: Դրա առանձնահատկությունն այն է, որ օգտագործվում են միայն սեւ գույնը եւ դրա` ջրով բացված որոշ երանգներ: Այստեղ կարեւորը փիլիսոփայական մոտեցումն է: Սպիտակ թղթի վրա արված մի քանի գծերը կարող են ունենալ երկար մեդիտացիայից հետո արտաբերված մի քանի բառի արդյունք: Նկարչի առաջադրանքը ոչ թե իրականությունը նույնությամբ պատկերելն է, այլ այն, թե տվյալ իրականությունն ինչպես է արտացոլվում նրա երեւակայության մեջ:
Ցուցասրահի պատերը զարդարված են ճապոնացի լուսանկարիչների եւ ՙՙՀիկարի՚՚ կենտրոնի սաների աշխատանքներով, որոնք ամբողջացնում են ճապոնականի մասին պատկերացումները:
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ
Tags: իկեբանա, Հայաստան, Ճապոնական մթնոլորտ, ճապոնիա, Նկարիչների միություն