Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 68-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներ (Նիդերլանդներ եւ Հունաստան)

328.Events dedicated to the 68th anniversary of the Victory in Great Patriotic War 11.05.2013Նիդերլանդներ

Մայիսի 9-ին Նիդերլանդների Ամերսֆորտ քաղաքում տեղի ունեցան Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 68-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներ: Այս տարի առաջին անգամ միջացառումներն անցան ավելի ընդգրկուն ձեւաչափով եւ, Հաագայում հավատարմագրված ԱՊՀ բոլոր երկրների դեսպանություններից բացի, իրենց մասնակցությունը բերեցին նաեւ Լեհաստանի, Կանադայի, Ֆրանսիայի, Իսրայելի, ԱՄՆ-ի, Գերմանիայի դիվանագիտական ներկայացուցչությունները՝ ի դեմս ռազմական կցորդների, ինչպես նաեւ Նիդերլանդների իշխանություններն՝ ի դեմս ԱԳՆ ներկայացուցչի: Ավանդույթի համաձայն, միջոցառմանը մասնակցեցին նաեւ Ամերսֆորտի քաղաքապետը, պաշտոնյաներ, պատերազմի վետերաններ, համակենտրոնացման ճամբարների վերապրածներ եւ նրանց զավակներ, համայնքային ներկայացուցիչներ:

Երկրորդ աշխարհամարտի տարիների «Կուդրիստ» համակենտրոնացման ճամբարի մոտ տեղակայված հուշարձանին ծաղկե զամբյուղներ տեղադրելուց հետո՝ միջոցառման մասնակիցները շարժվեցին դեպի «Ռուստհոֆ»  գերեզմանոց, որտեղ ամփոփված են խորհրդային բանակի 865 զինվորի աճյուններ: Անունները հայտնի զինվորների շարքում են նաեւ 10 հայ զինվոր:

Հուշահամալիրում բարձրացված էին Հայաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Ղազախստանի եւ Ադրբեջանի դրոշները: Դիվանագիտական առաքելությունների ղեկավարների, այդ թվում՝ Նիդերլանդներում ՀՀ դեսպան Ձյունիկ Աղաջանյանի, մասնակից դեսպանությունների ռազմական կցորդների ու քաղաքային իշխանությունների կողմից ծաղկեպսակներ զետեղվեցին Խորհրդային զինվորների փառքի հուշարձանին:

Այնուհետեւ, մասնակիցները ծաղիկներ զետեղեցին Երկրորդ համաշխարհային պատերազմում զոհված Դաշնակից երկրների զինվորների հիշատակին նվիրված «Զոհաբերության խաչ», ինչպես նաեւ պատերազմում զոհված  հոլանդացի զինվորների ու քաղաքացիների հիշատակին նվիրված հուշարձաններին:

328.Events dedicated to the 68th anniversary of the Victory in Great  Patriotic War 11.05.2013Հունաստան

Մայիսի 9-ին Աթենքի Կալիթեա թաղամասում տեղի ունեցավ Հունաստանի ազատագրման համար զոհված խորհրդային զինվորի հուշարձանին ծաղկեպսակների զետեղման արարողություն:

Հուշարձանին ծաղկեպսակ դրեց նաեւ Հունաստանում ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանը: Միջոցառման մասնակիցների թվում էին Աթենքում հավատարմագրված ԱՊՀ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները, ռազմական կցորդներ, միջազգային կազմակերպությունների, քաղաքական, հասարակական, մշակութային կազմակերպությունների, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, լրագրողներ:

 

Tags: