«Լևոն Տեր-Պետրոսյանի հիմնական մեսիջն ուղղված էր Ռուսաստանին և նպատակ ուներ ցույց տալ, որ կողմնակից է ՄՄ անդամակցությանը». Վահան Շիրխանյան

Վահան ՇիրխանյանՀՀ պաշտպանության  նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոստովանեց, որ մարտի 1-ի հանրահավաքին ներկա չի եղել և ցանկություն էլ չի ունեցել: Հարյուրավոր հանրահավաքների է մասնակցել, և ակնկալիքներ էլ չի ունեցել, որ այս մեկն ինչ-որ բանով կտարբերվի մյուսներից:

«Քաղաքական պայքարը պետք է հիմնված լինի գաղափարի վրա, եթե չկա գաղափար, ապա դա պայքար է աթոռի համար: Այս հանրահավաքին էլ չերևաց ընդդիմության ծրագրային գաղափարախոսությունը: Ընդդիմությունը չունի իր քաղաքական գաղափարախոսությունը, որի մեջ ժողովուրդը կտեսնի իր ապագան, խնդիրների լուծումը, և կգնա այդ շարժման հետևից: Իսկ այդ ծրագրի հիմքում պետք է լինի համակարգի փոփոխությունը, անձերի փոփոխությամբ ոչինչ չի փոխվել այս տարիների ընթացքում»,- ասաց Վահան Շիրխանյանը:

Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթի ամենահետաքրքրական հատվածը, որը գրավել է Վահան Շիրխանյանի ուշադրությունը, Մաքսային միությանն անդամակցությանը դրական արձագանքն էր:

«Մարդ, ով միշտ դեմ է եղել Մաքսային միությանը, հայտարարում է, որ կողմ է: 1993-1994 թվականներից Մաքսային միությանն անդամակցության հարցը քննարկվել է, և ամեն անգամ մերժվել է ընդհանուր սահման չունենալու պատճառաբանությամբ: Իրական պատճառաբանությունն, իհարկե, ուրիշ էր: Այն ժամանակ դեմ էին Մաքսային միությանը, որովհետև Հայաստանի վզին փաթաթվել էր լիբերալ-դեմոկրատական համակագը, որը, իբր, մեզ պետք է տաներ դեպի Եվրոպա: Բայց, ժամանակը ցուց տվեց, որ այդ համակարգը բացի ժողովրդի 90-տոկոսի սննկացումից, ոչինչ չտվեց»,- ասաց Վահան Շիրխանյանը՝ հավելելով, որ, եթե մենք հրաժարվենք Մաքսային Միությանն անդամակցությունից, դա խիստ բացասաբար կանդրադառնա Հայաստանի վրա: Վահան Շիրխանյանը որևէ պատճառ չի տեսնում Մաքսային միությունից հրաժարվելու: Ըստ նրա՝ դա վերջին տարիների լավագույն քայլերից է: Մաքսային միությունը Հայաստանի համար անհրաժեշտ քայլ է և միակ ճիշտ քայլը, Արևմուտքն ու Եվրաասոցացումը Հայստանը դեպի կործանում կտանեին:

«Հանրահավաքի ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանի հինական մեսիջն ուղղված էր Ռուսաստանին և նպատակ ուներ ցույց տալ, որ կողմնակից է Մաքսային միությանն անդամակցությանը»,- ասաց Վահան Շիրխանյանը:

 Անկախ

Tags: , , ,