«Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթից հետո ես շիվարել ու մոլորվել էի». Անահիտ Բախշյան

Անահիտ Բախշյան«Ժառանգություն»  կուսակցության անդամ Անահիտ Բախշյանի մոտ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ մարտի 1-ի հանրահավաքի ելույթը բազմաթիվ հարցեր է առաջացրել: Մարտի 1-ի ելույթն  ըստ Անահիտ Բախշյանի՝ նախորդ տարիների ելույթների և գործողությունների հետ համեմատած իր մեջ շատ իրարամերժ հասկացություններ է պարունակում:

«Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթից հետո ես շիվարել ու մոլորվել էի, չէի կարողանում գտնել այն հարցի ատասխանը, թե ինչ պիտի լինի մեր վաղվա օրը: Ինձ համար անհասկանալի էր Մաքսային միությանն անդամակցության դրական արձագանքը, Գագիկ Ծառուկյանի և Իվանիշվիլու միջև արված համեմատությունը: Հենց մարտի 1-ի թնջուկի հետ կապված խոսվում էր այն մասին, որ Գագիկ Ծառուկյանի թիկնապահներն էլ են այդ գործողություններին մասնակից  եղել: Այս ֆոնին անհասկանալի էին Լևոն ՏերՊետրոսյանի ասածներն այն առնչությամբ, թե Գագիկ Ծառուկյանին է տեսնում Հայաստանին այս իրավիճակից դուրս բերողի դերում»,- ասաց Անահիտ Բախշյանը՝ հավելելով, որ այստեղ քաղաքագիտական և քաղաքական առումով շատ թաքնված բաներ կան:

Անդրադառնալով «Ժառանգություն»-ԲՀԿ հնարավոր համագործակցությանը՝ Անահիտ Բախշյանը նշեց, որ ամեն դեպքում լինելով համագործակցությունների կողմնակից, լավ չի պատկերացնում այդ համագործակցությունը, որովհետև ԲՀԿ-ն այսօր այլ ձևաչափով է հանդես գալիս, «Հռոմի պապից ավելի կաթոլիկ»:

«Ես չգիտեմ՝ որքանո՞վ են ազնիվ Բարգավաճ Հայաստանի մղումները, ինչպե՞ս հավատալ դրանց, և արդյո՞ք դրանց հետևում Ռոբերտ Քոչարյանի ականջները չեն երևում»,- ասաց Անահիտ Բախշյանը:

Tags: , , ,