Միացյալ Նահանգների պաշտոնատար անձինք խորհուրդ են տվել Իսրայելին դադարեցնել Իրանի միջուկային ծրագրի գիտնականներին սպանելու գործընթացը:
Ըստ տեղեկությունների՝ իսրայելական Մոսսադ լրտեսական գործակալությունը սպանել է Իրանի հինգ գլխավոր միջուկային փորձագետների՝ փորձելով դանդաղեցնել երկրի միջուկային ծրագրի ընթացքը: Չնայած Իրանի միջուկային ամբիցիաները կանխելու վերաբերյալ վերջերս կնքված պայմանագրին՝ Իսրայելը շարունակում է իր այդ ծրագիրը:
Կիրակի օրը CBS News-ը հրապարակել է, որ գիտնականների սպանությունները հիմնականում իրականացվել են մեքենայում տեղադրված ռումբի պայթյունների միջոցով, իսկ մարդասպանները երբեք չեն բացահայտվել:
Այդ մասին CBS-ին հայտնել է Միացյալ Նահանգների անանուն պաշտոնյան՝ պնդելով, որ Օբամայի վարչակազմը կոչ է արել իր Միջին Արևելքի դաշնակցին դադարեցնել այդ սպանությունները և սպասել ներկայիս ապառազմականացման մասին համաձայնագրի արդյունքներին:
Իսրայելի վարչապետ Բենյամին Նաթանյահուն ներկայումս գտնվում է Միացյալ Նահանգներում և սպասվում է, որ այցելության ընթացքում կքննարկվեն նաև Պաղեստինի հետ խաղաղության բանակցություններին վերաբերող հարցեր:
Tags: ԱՄՆ, Իսրայել, իրան, միջուկային ծրագիր
