Գազի հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ է ընտրվել Դավիթ Հարությունյանը, տեղակալ՝ Միքայել Մելքումյանը

աժԱյսօր Ազգային Ժողովում գումարվել է գազի հարցերով խորհրդարանական հանձնաժողովի առաջին նիստը:

Հանձնաժողովի կազմում ընդգրկված են եղել Հանրապետական խմբակցության պատգամավորներ Դավիթ Հարությունյանը, Գագիկ Մինասյանը, Վարդան Այվազյանը, Խոսրով Հարությունյանը, «Օրինաց Երկիր» կուսակցությության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորներ Միքայել Մելքումյանը և Գուրգեն Արսենյանը, Հայ ազգային կոնգրեսից՝ Արամ Մանուկյանը, Հայ հեղափոխական դաշնակցությունից՝ Աղվան Վարդանյանը, «Ժառանգությունից»՝ Ռուբեն Հակոբյանը:

Հանձնաժողովի նախագահ է ընտրվել Դավիթ Հարությունյանը, տեղակալ՝ Միքայել Մելքումյանը:

Հիշեցնենք, որ գազի հարցերով խորհրդարանական հանձնաժողով ձևավորելու անհրաժեշտությունն առաջացել էր դեկտեմբերի 2-ից հետո, երբ ստորագրվել էին Հայաստանի և Ռուսաստանի միջև գազային պայանագրերը ու հասարակության մեջ մի շարք հարցեր էին առաջացել:

Ավելի վաղ խորհրդարանական չորս խմբակցություններն առաջարկել էին ժամանակավոր հանձնաժողով ստեղծել, սակայն նախաձեռնությունը չէր ընդունվել: Դավիթ Հարությունյանը նշել էր, որ  ժամանակավոր հանձնաժողովը դիտարկելու է հարցեր, որոնք կապված են ներկայիս իրավիճակի ու գազի սպառողների շահերի պաշտպանության, գազի ջերմատվության, գազի հաշվիչների ստուգման և այլնի հետ: Երկրորդ կարևոր հարցը գազի պարտքին է վերաբերում: Հանձնաժողովի օրակարգում է լինելու նաև սպառողների համար գազի գնագոյացման խնդիրը: Ժամանակավոր հանձնաժողովի նիստերը ենթադրվում է անցկացնել դռնփակ ռեժիմով:

 Անկախ

Tags: , , ,