Այսօր կյանքից հեռացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան, պրոֆեսոր Հեղինե Հովհաննիսյանը:
ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է թաղման կառավարական հանձնաժողով:
Սիրված դերասանուհու մահվան կապակցությամբ Հայաստանի թատերական գործիչների միության նախագահության և քարտուղարության, ինչպես նաև անձամբ իր անունից ցավակցություն է հայտնել ՀԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանը: Նա մասնավորապես ասել է.
“Խոր վիշտ եմ հայտնում ազգային բեմարվեստի երևելի անհատականություններից մեկի՝ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի ավագագույն դերասանուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր ՀԵՂԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ մահվան առթիվ:
Հեղինե Հովհաննիսյանը՝ բոլորի կողմից սիրելի Ելենա Սերգեևնան, ծնվել էր 1926թ. օգոստոսի 4-ին, Երևանում: Ռեժիսոր Մարատ Մարինոսյանի կինն էր: 1948թ. ավարտել էր Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը: 1968թ-ից դասավանդում էր նույն ինստիտուտում, պրոֆեսոր էր: 1948թ-ից խաղացել է Երևանի Սունդուկյանի անվան թատրոնում: Լավագույն թատերական դերերից են` Գոներիլ` Շեքսպիրի «Լիր արքա», Գլաֆիրա` Գորկու «Եգոր Բուլըչովը և ուրիշները», Վարյա` Չեխովի «Բալենու այգին», Լիզա` Տոլստոյի «Կենդանի դիակ», Չեբոկսարովա` Օստրովսկու «Կատաղի փողեր» և այլն: Նկարահանվել էր կինոյում` «Տղամարդիկ», «Սայաթ-Նովա» և այլն: Մասնակցել ռադիո և հեռուստաբեմադրությունների: 1961թ. արժանացել էր ՀԽՍՀ վաստակավոր, 1984թ.` ժողովրդական արտիստի կոչմանը: 2002թ. արժանացել է «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակի:
Կյանքից հեռացավ աճեմյանական փառահեղ ,,Նամուսի,, վերջին մոհիկաններից մեկը ևս, ազնվագույն ու ազնվակենցաղ մարդը, հրաշալի դերասանուհին…”:
Անկախ-ը նույնպես իր խորին ցավակցությունն է հայտնում սիրված դերասանուհու ընտանիքին, հարազատներին ու մերձավորներին:
Tags: Դերասանուհի, Հայաստանի թատերական գործիչների միություն, Հեղինե Հովհաննիսյան

