«Մենք սառը հաշվարկով պետության շահերն ենք առաջ տանում, դուք սառը հաշվարկով իշխանափոխության կոչեր եք անում». Ա. Զաքարյան

Արտակ ԶաքարյանՀանրապետական խմբակցության պատգամավոր, Աժ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

“Ցավոք, քաղաքական կյանքում գարնան առաջին օրը դարձավ քաղաքական ընդդիմության կողմից իշխանության համար պայքարի հերթական առիթ: Նիկոլո դե Մաքիավելին, երբ հանուն նպատակների արդարեցնում էր միջոցները, ի նկառի ուներ պետության գերագույն շահերն ու համազգային խնդիրները: Մեր ընդդիմությունն այն իջեցրել է սեփական, ավելի շուտ անձնական ամբիցիաների մակարդակի: Հերթական անգամ դրանում համոզվում ենք մարտիմեկյան հանրահավաքների ու դրանցում հնչած ելույթների մեկնաբանություններից: Տեր-Պետրոսյանի՞ ելույթն էր նման Ծառուկյանի ելույթին, թե հակառակը: Կարծում եմ՝ էական չէ, հատկապես, որ նրանցում չկային գիտագործնական կամ համազգային նշանակության բանաձևեր: Չկար Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ լուծման, էներգետիկ, կոմունիկացիոն, տնտեսական անխափան և անվտանգ ապահովման, սոցիալական նոր քաղաքականության, գաղափարական, հոգևոր, իրավական, արժեքային, գիտա-կրթական ու մշակութային նոր մոդելներ: Աշխարհը փոխվում է, ընդ որում փոխվում է շատ արագ տեմպերով, առաջ բերելով նորանոր սպառնալիքներ ու մարտահրավերներ, իսկ մեր հարգելի ընդդիմադիրների քաղաքական մեղեդին մնում է նույնը: Ի՞նչ կարող ես անել, քաղաքական միտքը չունի նոր արգասիքներ, և պետք է բավարարվենք եղածով: Իշխանափոխություն են ուզում, պարզ է, ուղղակի այդ դեպքում ինչ կապ ունի Մարտի մեկը: Ես չգիտեմ, թե ինչպիսի շախմատասեր է մեր երկրի առաջին նախագահը, բայց ցուգցվանգի մասին նրա պատկերացումները, մեղմ ասած, առ ոչինչ են: Որովհետև որպես նախկին նախագահ, օբյեկտիվ ու պարկեշտ լինելու պարագայում պետք է, ազնվաբար ասեր. Հայաստանն այսօր իր արտաքին քաղաքական քաշային կատեգորիային ու հարաբերություններին համարժեք կարողացել և կարողանում է ոչ միայն պահպանել, այլև ավելացնել բոլոր այն ակտիվներն ու պոտենցիալը, որոնք նպաստելու են խաղաղ, կայուն, հավասարակշռված, հնարավորինս կանխատեսելի, ժողովրդավարական նորմերով, ու քաղաքական ինքնատիպ ձեռագրով պետության համբավ ունենալու համար: Եվ Տեր-Պետրոսյանը շատ լավ պետք է գիտենա, որ այդ ամենը ժամանակակից աշխարհում հեշտությամբ չի տրվում: Այն, ինչ հաջողվում է նախագահ Սարգսյանին արտաքին քաղաքական գործընթացներում, մյուսների պարագայում կարող էր և տխուր պատկեր ունենալ: Դրա համար անհրաժեշտ է հաշվարկված, ճշգրիտ, սառը, հաշվենկատ, պրոդուկտիվ ու հետևողական քաղաքականության կրող լինել: Սա է Հայաստանի Հանրապետության շահերի դրսևորման արդարացված ճանապարհը: Այնպես որ, մեր տարբերությունը գնալով դառնում էլ ավելի ակնհայտ. մենք սառը հաշվարկով պետության շահերն ենք առաջ տանում, դուք սառը հաշվարկով իշխանափոխության կոչեր եք անում”:

 

Անկախ

Tags: , , , ,