Այսօր Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց քաղաքագիտության դոկտոր, ՌԴ քաղաքացի Արկադի Վարդանյանի պաշտպանների վերաքննիչ բողոքը՝ անփոփոխ թողնելով առաջին ատյանի դատարանի վճիռը,հաղորդում է Փաստինֆոն: Հոր սպանությունը նախապատրաստելու մեջ մեղադրվող Արսեն Ավետյանի պաշտպանի վերաքննիչ բողոքն էլ բավարարվեց մասնակի, սակայն պատժաչափը փոփոխության չենթարկվեց: Վերաքննիչ դատարանը առաջին ատյանի դատարանի կայացրած վճիռը, որով Արսեն Ավետյանը մեղավոր էր ճանաչել ապօրինի կերպով հոգեմետ դեղամիջոցներ ձեռք բերելու և իրացնելու համար, վերաորակեց և Արսեն Ավետյանին մեղավոր ճանաչեց՝ միայն ապօրինի կերպով հոգեմետ դեղամիջոցներ ձեռք բերելու համար: Արսեն Ավետյանի և Արկադի Վարդանյանի պաշտպանները պահանջում էին բեկանել և փոփոխել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճիռը: Հիշեցնենք, որ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով՝ հոր սպանությունը նախապատրաստելու մեջ մեղադրվող Արսեն Ավետյանը դատապարտվել է 11 տարվա, իսկ քաղաքագիտության դոկտոր, ՌԴ քաղաքացի Արկադի Վարդանյանը՝ 10 տարվա ազատազրկման։ Մինչ վերաքննիչ դատարանի՝ խորհրդակցական սենյակ գնալը՝ գործին վերաքննիչ դատարանում ներգրավված Արկադի Վարդանյանի երրորդ պաշտպան Սարդարյանն անօրինական և անհիմն համարեց առաջին ատյանի դատարանի դատավճիռը՝ նշելով, որ առաջին ատյանի դատարանն իր պաշտպանյալի հանդեպ պատիժ է նշանակել՝ օրենքի կոպիտ խախտումներով: Ըստ նրա՝ Արկադի Վարդանյանը չի կարող մեղավոր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-35-104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով, քանի որ նրա գործողություններում բացակայում են նշված հանցագործության հանցակազմի թե՛ օբյեկտիվ և թե՛սուբյեկտիվ կողմերը: Բացի այդ, Ա. Վարդանյանը ոչ միայն հանցակազմի բացակայությամբ է մեղավոր ճանաչվել, այլև նրա նկատմամբ նշանակվել է առավել խիստ պատիժ: Պաշտպանը նաև նշեց, որ բազմաթիվ խախտումներից մեկն էլ այն է եղել, որ Ա.Վարդանյանի նկատմամբ չի նշանակվել դատաբժշկական փորձաքննություն։ «Եթե դատարանը օբյեկտիվ լիներ, ապա չէր կարող մեծ բարեգործ Արկադի Վարդանյանի նկատմամբ պատիժ նշանակելիս հաշվի չառնել նաև նրա անձն ու տարիքը»,- ասաց նա: Ի դեպ դատաբժշկական փորձաքննություն չի նշանակվել նաև Արսեն Ավետյանի նկատմամբ: Տուժող Ռոբերտ Ավետյանն էլ հայտարարեց, որ իր որդին պատճառ չուներ իրեն սպանելու, որ ինքը որդուն գրանցումից հանել է՝ պատժելու նպատակով, սակայն միևնույն ժամանակ նրանք ընդհանուր համաձայնության են եկել, որպեսզի տան երրորդ հարկը Արսենը վերանորոգի և այնտեղ բնակվի: Ըստ տուժողի՝ իրենց ընտանեկան հարցը դարձել է քաղաքական և դատարանին խնդրեց ազատազրկվածներին դատական նիստերի դահլիճից ազատել: Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ Արսեն Ավետյանը, իմանալով, որ հայրը՝ Ռոբերտ Ավետյանը, իրեն ու որդուն հանել է առանձնատան հաշվառումից, առանձնատանն ու մյուս գույքին տիրանալու շահադիտական դրդումներով՝ ծրագրել է իր հոր սպանությունը՝ «հանցավոր համաձայնության» գալով Արկադի Վարդանյանի հետ, ստացել սպանության այլընտրանք չլինելու և բարոյահոգեբանական առումով արդարացված լինելու հարցում վերջինիս հավանությունը»: Ա.Վարդանյանն առաջարկել է կամրջից ցած կամ գետը նետելու տարբերակը, սակայն ընտրությունն, ըստ մեղադրական եզրակացության, կանգ է առել հոգեմետ նյութերի մեծ չափաբաժնով ծնողին թունավորելու՝ Արսեն Ավետյանի առաջարկի վրա՝ մշտապես հոր կողմից օգտագործվող հանքային ջրում այն լուծելու եղանակով:Շարունակությունը՝սկզբնաղբյուր կայքում:
