Մարտի 3-ին Լիբանանում Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարյանը հանդիպում ունեցավ Լիբանանի վարչապետ Թամամ Սալամի հետ:
Դեսպան Քոչարյանը Լիբանանի վարչապետին փոխանցեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ջերմ շնորհավորանքները նոր կառավարության կազմավորման կապակցությամբ:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին հայ-լիբանանյան երկկողմ բարեկամական հարաբերությունների օրակարգի հարցերը, համագործակցության ընդլայնման հեռանկարները, մասնավորապես՝ առևտրատնտեսական և զբոսաշրջության ոլորտներում:
Երկուստեք բարձր գնահատելով երկու երկրների քաղաքական հարաբերությունների ներկա մակարդակը՝ դեսպան Քոչարյանը և Լիբանանի վարչապետը կարևորեցին բարձրաստիճան պատվիրակությունների փոխայցելությունների շարունակականությունը, գործարար հանդիպումների և համաժողովների անցկացումը:
Կողմերն ընդգծեցին լիբանանահայ համայնքի կառուցողական դերակատարությունը Լիբանանի զարգացման գործում: Հանդիպմանն անդրադարձ եղավ նաև Լիբանանի ներքաղաքական իրավիճակին:
Tags: Դեսպան Քոչարյան, Լիբանանի վարչապետ
