Old band-ով հին երաժշտությունը կներկայացվի նորովի

Old bandՎերջերս Հ. Մալյանի անվ. թատրոնի դահլիճում՝ՙՙՇաբաթ իրիկուն՚՚ համերգաշարի շրջանակում տեղի ունեցավ հայ ֆոլկլորային (նույն ինքն է՝ ազգագրական, ժողովրդական) երաժշտության համերգ-ներկայացում: Մասնակիցները միմյանցից շատ տարբեր, բայց յուրաքանչյուրն իր տեսակի մեջ տաղանդավոր երիտասարդներ էին: Հենց դա էլ թելադրեց համերգի էկլեկտիկ բնույթը: Հայ ազգային երաժշտությունը ներկայացվեց նոր ընկալումով՝ ինչպես լսողական, այնպես եւ տեսողական առումով:

Մասնակիցներն էին 4 երգիչ՝ Անուշիկ Հարությունյան, Լիլիթ Հարությունյան, Արամ Հարությունյան (նաև հարվածային), Ալեքսանդր Իրադյան, կիթառ՝ Վահագն Ամիրխանյան և սրինգ (բլուլ)՝ Գրիքոր Քարտաշյան:

Անկախի հետ զրույցում մասնակիցներից Լիլիթ Հարությունյանը նշեց, որ միջոցառումն անցավ սպասվածից կրկնակի լավ: Հանդիսատեսի արձագանքը չեն էլ փորձել կանխատեսել, քանի որ գիտակցում էին, որ ռիսկային, սուր քայլ են անում:

Ընտրված երգերը յուրօրինակ են մշակվել, կար թատերականացում, Սամվել Թադեւոսյանի շնորհիվ էլ արտասովոր, վիզուալ էֆեկտներ ստացան: Ֆոլկլորային երաժշտությունն ընդունված է եւ միշտ կլինի, կարծում է Լիլիթը: Դա եւ լավ է, եւ վատ: Լավը պարզ է, իսկ վատը հաճախ հենց այնպես, նույնիսկ վատ որակով նյութը ներկայացնելն է` հոգնեցնելը, ներկայացնել որ գեղջկական երաժշտությունը իր մեջ բարձր էսթետիկա, հուզականություն չի պարունակում: Դրա համար հաճախ ժողովրդական ասելով աշուղական երաժշտություն են հասկանում (լավագույն դեպքում) աշուղականն ավելի բարձր է համարվում, քանի որ իր մեջ ավելի շատ գեղգեղանքներ կան ու երգերը ավելի երկար են, կարելի է նվագակցել:

ՙՙԱյս համերգով ցույց տվեցինք, որ աշխատանքային, քնարական կամ ուղղակի պարերգերը կարող են շատ լավը լինել, անխոս թերացումներ հաստատ կային, միայն թե սա մեր կազմի առաջին համերգն էր: Մենք հայ սերնդի շարունակողն ենք՚՚:

Ինչ վերաբերում էր խմբին, Լիլիթը նշեց, որ այն ընտանեկան բրենդ է, նախնական անուն որոշել են վերնագրել Old band: Հարությունյանները շատ լուրջ քննադատներ ունեն, ճաշակ թելադրել չեն պատրաստվում, որովհետև չեն էլ կարող: Հիմնական միտքը մեկն է՝ Old band-ով հին երաժշտությունը ներկայացնել նորովի, բայց առանց իմաստը փոխելու, մեծ երգացանկ ունեն: Հասկացել են, որ 95% ունկնդրի յուրաքանչյուրն իր համար մի լավ (ավելի ճիշտ կլինի /հավես/) բան գտնում է իրենց մեջ: Անելիքներ ու կրեատիվ մտքեր շատ կան:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Անկախ

Tags: , ,