Ֆրանսիայում մահացել է այն հիվանդը, որին փոխպատվաստել էին նոր սերնդի արհեստական սիրտ:Վիրահատությունը կատարվել էր 2013-ի դեկտեմբերիին, Փարիզի Ժորժ Պոմպիդուի անվան հոսպիտալում: Տարեց տղամարդն արհեստական սրտով ապրեց 65 օր:
Հիվանդը, որը տառապում էր սրտի սուր անբավարարությամբ, վիրահատությունից առաջ կրիտիկական վիճակում էր գտնվում, սակայն, վիրահատական միջամտությունից օրեր անց նա սկսեց ապաքինվել, անջատվեցին արհեստական շնչառության սարքերը, հայտնում է vesti.ru-ն :
Նոր սերնդի արհեստական սիրտը ստեղծել է պրոֆեսոր Ալեն Կարպանտյեն: Այն մյուս մոդելներից տարբերվում է նրանով, որ մարդու ֆիզիկական ծանրաբեռնվածության ինտենսիվության փոփոխության հետ չի պահանջում դրսից կարգավորում կատարել: Բարձրտեխնոլոգիական ընկերությունների մասնագետների օգնությամբ մշակված սարքավորումն աշխատում է գրեթե նույն կերպ, ինչ կենսաբանական սիրտը. տվիչները տեղեկացնում են արյան հոսքի մասին , ինչի շնորհիվ արհեստական օրգանն ավելացնում կամ էլ նվազեցնում է արյան հոսքը:
Կլինիկական փորձարկումներից բացի,լուրջ խոչընդոտ է արհեստական սրտի արժեքը: 900 գ կշռող սարքն արժե 80 հազար եվրո, իսկ ամբողջ վիրահատության արժեքը 120 հազար եվրո է:
Tags: արհեստական սիրտ, վիրահատություն, Փարիզ