“2013-2014 թթ. Հայաստանի ազգային մրցունակության զեկույցը” ներկայացնելիս` այսօր զեկույցի համահեղինակ Մանուկ Հերգնյանը նշեց, որ գործազրկությունը, աղքատությունն ու արտագաղթը այսօր Հայաստանի ամենալուրջ սոցիալական մարտահրավերներն են: Այս պարագայում տնտեսության մրցունակության ցուցանիշ կարող է համարվել տնտեսության` համեմատաբար բարձր վարձատրությամբ աշխատատեղերի ստեղծման ու դրանց պահպանման կարողությունը: Զեկույցի համաձայն` արտադրողականությունը երկրի մրցունակության անկյունաքարն է: Արտադրողականության աճը պետք է ուղեկցվի տնտեսական աճով, այլապես այն կարող է հանգեցնել զբաղվածության կրճատման: Մրցունակության քաղաքականության համատեքստում տնտեսության զարգացման թիրախային վիճակը ենթադրում է հիմնական մրցակից երկրների արտադրողականության մակարդակի հետ ունեցած ճեղքվածքի զգալի կրճատում և յուրաքանչյուր աշխատունակ անձի համար համապատասխան վարձատրությամբ աշխատանքի առկայություն, որը կբացառի զուտ տնտեսական պատճառներից բխող արտագաղթը:
“Շատ մեծ դերակատարում ունի նաև ՀՆԱ աճը: Եթե 7 % միջին տարեկան աճի դեպքում թիրախային վիճակին հնարավոր է հասնել 10 տարում, ապա ՀՆԱ 10 % աճը նույն արդյունքները կարող է ապահովել մինչև 2016 թվականը: Հայաստանի տնտեսության ներկայիս աճի տեմպի պարագայում 3-4 %, տնտեսությունը տնտեսական թիրախային վիճակին կհասնի 2040-ին: Երկարաժամկետ հատվածում աճի բարձր տեմպեր ապահովելու ՀՀ մարտահրավերը վերաճում է բարձր արտադրողականությամբ կապիտալի մեջ մեծամասշտաբ ներդրումներ ապահովելու մարտահրավերի: Սա պահանջում է ներդրումների աճի բոլոր առանցքային խոչընդոտների առանձնացում և չեզոքացում: Այդպիսի սահմանափակումների վերլուծության համար մենք կիրառել ենք լայն տարածում գտած “Աճի ախտորոշման” գործիքը: Վերլուծությունը ցույց է տալիս, որ մարդկային կապիտալի զարգացման ցածր որակը Հայաստանի տնտեսության “առանցքային սահմանափակումներից” է: Քանակական առումով Հայաստանը կրթված մարդկանց պակաս չունի: Աշխատուժի խնդիրները կապված են որակի հետ: Տնտեսության կողմից պահանջվող և ներկայիս կրթական համակարգի կողմից առաջարկվող աշխատուժի որակների միջև էական ճեղքվածք կա”,- ներկայացնելով զելույցը` ասաց Մանուկ Հերգնյանը:
Tags: աղքատությունն ու արտագաղթ, գործազրկություն, Հայաստան, սոցիալական մարտահրավերներ