Արմեն Մարտիրոսյանը Տիգրան Սարգսյանին` “Պարո’ն վարչապետ, մեր երկիրը ոչ թե ծերացող է, այլ՝ արտագաթող”

արմեն մարտիրոսյանԱյսօր Հայաստանի ազգային մրցունակության 2013-2014թթ. զեկույցին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ելույթից հետո, “Ժառանգություն” կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը ևս ելույթ ունեցավ: Նա նշեց, որ զեկույցը արմատական փոփոխությունների պահանջ է ներկայացնում, մինչդեռ վարչապետը 2008 թվականից խոստանում է նման փոփոխություններ, որոնք դեռ չկան։

“Ես լավ հիշում եմ, որ վարչապետը 2008 թվականի ամանորյա ուղերձի ժամանակ այս մասին խոսեց, բայց մինչև հիմա փոփոխությունների ուղղությամբ քայլեր չեն արվել: Եվ հետո, պարո՛ն վարչապետ, մեր երկիրը ոչ թե ծերացող է, այլ՝ արտագաթող”,- ասաց Արմեն Մարտիրոսյանը` նկատելով, որ խնդիրը կառավարման մեջ է, լուծումները, որոնք տրվում են, ավելի շուտ անհամաձայնության մեծ դաշտ են ստեղծում:

“Ես երեք անգամ առիթ եմ ունեցել այս մասին ասելու: Ես ասում էի, որ ավելի լավ է ես սխալվեմ, քան վարչապետը, ցավոք, ես երեք անգամ ճիշտ էլ ճիշտ եմ եղել”,-ասաց Արմեն Մարտիրոսյանը։

“Ժառանգության” փոխնախագահն անդրադարձավ զեկույցում կրթական խնդիրն` նշելով, որ այսօր կուսակցություններն այնպես են մտել կրթական համակարգ, որ դա էլ է խաթարվել:

“Ինչպե՞ս կարող ենք որակյալ կրթություն ունենալ, երբ ուսուցիչը կատարում է շատ ֆունկցիաներ, որոնք չպետք է անի”,- ասաց Արմեն Մարտիրոսյանը։

Նա նշեց, որ մի հարցում Տիգրան Սարգսյանի տեսակետը համընկնում է իր տեսակետին: Խոսքը մրցակցային դաշտին է վերաբերում: Արմեն Մարտիրոսյանը զեկույցը համարեց հեղափոխական` հիմք ընդունելով զեկույցում նշված արմատական փոփոխությունները։

Անկախ

Tags: ,