“Ընդդիմությունը չպետք է առաջնորդվի միայն իշխանափոխություն գոռալով”. Կարինե Աճեմյան

Կարինե ԱճեմյանՈւկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները պետք է դաս լինեն շատ երկրների համար, քանի որ բիրտ ուժի կիրառմամբ 21-րդ դարում ոչնչի չես հասնի, փոփոխությունները պետք է կատարվեն օրինական ճանապարհով: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Կարինե Աճեմյանը:
Նրա խոսքով` Ուկրաինայի նոր իշխանությունը շատ քիչ բանի է ընդունակ, իսկ ուկրաինացի ժողովուրդը նրա պատճառով դեռ շատ վնասներ կկրի: Այդ ինքնակոչ կառավարությունը բռնի ուժ է իրականացնում, որը հարիր չէ ժողովրդավարական ուժերին: Օրենքը և Սահմանադրությունը երբեք չպետք է տրորվեն, ինչին, սակայն, ականատես եղանք Ուկրաինայում: Ռուսաստանը ըստ ՀՀԿ-ական պատգամավորի` չպետք է դիտորդի կարգավիճակում լինի, քանի որ Ուկրաինայում ապրող 20 մլն ռուսները պետք է պաշտպանված զգան իրենց:

“Սխալ կլինի ասել, որ ուկրաինացիները խուճապի են մատնվել կատարված դեպքերից հետո: Մայդանից երկու կանգառ այն կողմ մարդիկ ապրում են բնականոն կյանքով: Միաժամանակ, մինչև Մայդանը ուկրաինացիները վարդագույն աչքերով են նայել հնարավոր փոփոխություններին, սակայն հիմա ակնհայտ է, որ այս դեպքերը մի քանի տարով հետ են շպրտելու այդ երկիրը”,- ասաց Կարինե Աճեմյանը:
«Ընդդիմությունը չպետք է առաջնորդվի միայն իշխանափոխություն գոռալով: Ընդդիմությունը թիրախներն ընտրում է արհեստականորեն: Արդեն քանի տարի է` շահարկում է մարտի 1-ի դեպքերը»,- ասաց Կարինե Աճեմյանը:
ՀՀԿ-ական պատգամավորը հնարավոր համարեց, որ կոնսոլիդացիան կարող է լինել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շուրջ, քանի որ նրա ակտիվությունը ցույց է տալիս, որ չի բացառվում կրկին մեծ քաղաքականություն վերադարձը:

Անկախ

Tags: , ,