“Արագաչափերը դարձել են բիզնեսի տեսակ”». Ավտովարորդների պաշտպանության լիգա

Տիգրան Հովհաննիսյան“Ավտովարորդների պաշտպանության լիգայի” նախագահ Տիգրան Հովհաննիսյանը դիմել է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին` երթևեկությունը վերահսկող տեսախցիկների հարցում կարգապահություն սահմանելու հարցում, հակառակ դեպքում վարորդները բացահայտ կթալանվեն:

Տիգրան Հովհաննիսյանի խոսքով` երթևեկությունը վերահսկող տեսախցիկների շնորհիվ վարորդները, իհարկե, ավելի կարգապահ են դարձել, սակայն տուգանքներն այնքան են շատացել, որ դրանց հանդեպ քաղաքացիներն ատելություն են զգում:
“Եթե մենք լուսարձակի կարմիր ազդանշանի տակ խախտում ենք գծանշանը, ապա նույն պահին էլ հետ ենք գնում, սակայն, միևնույն է, տուգանվում ենք: Սրա դեմ պետք է քայլեր ձեռնարկվեն: Քայլեր պետք է ձեռնարկվեն նաև տուգանքների չափի և դրանց համապատասխան գանձումներ կատարելու հարցում: Նվազագույն գերազանցման դեպքում, օրինակ, 5 հազար դրամ, արագության գերազանցման առավել կոպիտ խախտումների դեպքում՝ 10 կամ 15 հազար դրամ”,- ասաց Տիգրան Հովհաննիսյանը` հավելելով, որ տեսախցիկները դարձել են բիզնեսի տեսակ:

Բանախոսը նշեց, որ սպասում են ոստիկանապետի պատասխանին: Բայց, եթե պատասխան չստանան, շարունակելու են իրենց պայքարը:
Վարորդ Արայիկ Բեգլարյանն իր դժգոհությունը հայտնելով նշեց, որ արագության սահմանման ցուցանակները խիստ խաբուսիկ են: Շատ դեպքերում էլ ցուցանակներ ուղղակի չկան:

“Մայրուղիներում սահմանված արագությամբ վարելով` մեկ էլ տեղեկանում ես, որ որոշ տարածություն անցնելիս պետք է իջեցնեիր արագությունդ, սակայն համապատասխան ցուցանակ չտեսնելով և չիջեցնելով` տուգանվել ես: Ստացվում է` պետք է անգիր անես ճանապարհները: Երբ պետք է գումարներ գանձեն քաղաքացիներից, հիշեցնում են միջազգային փորձի մասին, երբ պետք է կարգավորեն իրավիճակը` ոչ: Տաքսիստներից, տուգանքների ձևով, գանձում են իրենց ամսական եկամտի ամենաքիչը 20 տոկոսը”,- ասաց վարորդը:

Անկախ

Tags: , , ,