ՙՙՈչ մի պատերազմ էլ չի լինի Ղրիմում. ակնհայտ էր, որ Ռուսաստանն իր խաղն է ունենալու, որի մի մասն էլ կազմելու է Ղրիմը: Ռուսաստանը նախապես թելադրում է իր նախապատվությունները, մինչ կոնֆլիկտի լուծումը՚՚,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
Այն, որ պաշտոնական Երևանը որևէ կերպ չի մեկնաբանում Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները, բանախոսի կարծիքով՝ ճիշտ դիրքորոշում է. ինչպիսի Ուկրաինա էլ ձևավորվի, Հայաստանը շարունակելու է փոխհամագործակցությունը:
Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններն առանց ազդեցության չեն թողել նաև Կովկասը.
ՙՙԱզդեցություն, իհարկե, կա: Հետևելով ադրբեջանական հրապարակումներին հասկանում ես՝ սկզբում Ադրբեջանը էյֆորիայի մեջ էր, հիմա էլ խուճապ է, պարզապես պետք է հասկանանք նաև, որ Հարավային Կովկասն այն նշանակությունը չունի Ռուսաստանի համար, ինչ Ուկրաինան, չպետք է գերագնահատել Կովկասի դերը՚՚:
ՙՙՀամաձայնություն՚՚ կենտրոնի ղեկավար Դավիթ Շահնազարյանի համոզմամբ Ռուսաստանը պատերազմի պատրվակ էր փնտրում.
ՙՙՈւկրաինայի ներկայիս լեգիտի´մ ղեկավարությունը բավական խելամիտ է իրեն պահում և ամեն ինչ անում է, որպեսզի բախում չլինի Ուկրաինայի զինվորականների և Ռուսաստանի զավթիչների միջև: Ռուսաստանը մինչև այսօր առավոտ փնտրում էր պատերազմի պատրվակ, որը տեղի չունեցավ՚՚:
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ
Tags: Ալեքսանդր Իսկանդարյան, Դավիթ Շահնազարյան, Երևան, Ուկրաինա
