Ռուսաստանի ֆուտբոլային միության փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանը Ռուսաստան-Հայաստան ընկերական խաղից առաջ պատասխանելով Sport-express.ru-ի թղթակցի հարցերին, հայտնել է, որ կցանկանա գեղեցիկ ֆուտբոլ դիտել և Հայաստանը թեև իրեն մոտ է, բայց թող հաղթի Ռուսաստանի ընտրանին:
«Հավաքականի յուրաքանչյուր հանդիպում շատ սկզբունքային է: Կապելոյի համար կարևոր խնդիր է ստուգել ֆուտբոլիստների մարզավիճակը, իսկ ես պարզապես ցանկանում եմ գեղեցիկ խաղ տեսնել: Հայաստանը ինձ մոտ է, բայց թող հաղթի մեր՝ Ռուսաստանի, հավաքականը»,-ասել է նա:
Սիմոնյանը, որը, կնոջ վատառողջ լինելու պատճառով չի ժամանել Կրասնոդար, խաղը դիտելու է հեռուստատեսությամբ: Հայաստանի հավաքականի մասին ասել է. «Իրոք, հետաքրքիր թիմ է, այն առաջադիմում է, ցուցադրում է վառ կոմբինացիոն ֆուտբոլ: Կան անհատապես ուժեղ ֆուտբոլիստներ, ովքեր չեն վախենում շրջացնել մրցակիցների: Առաջին հերթին նկատի ունեմ Հենրիխ Մխիթարյանին: Նրա հայրը 80-ականներին խաղացել է իմ գլխավորած «Արարատում», ցավոք, շատ շուտ հեռացավ մեզանից: Հենրիխն ինչ-որ տեղ նման է հորը, սակայն ավելի ուժեղ է: Հայաստանի ներկայիս հավաքականը և «Արարատ-73»-ը ընդհանրություններ ունեն: Արարատցիները տաքարյուն, հարավցի տղաներ էին: Այժմյան ֆուտբոլիստները նույնպես աչքի են ընկնում լավ տեխնիկայով, գնդակը վերահսկելու կարողությամբ, թեթևաշարժ են: Դրանք բնությունից ժառանգած հատկանիշներ են: Այլ հարց է, թե Հայաստանի հավաքականն ինչպես կխաղա նոր մարզիչի գլխավորությամբ: Դա ցույց կտա ժամանակը: Ինչ խոսք, հաճելի է, որ Մովսիսյանն ու Օզբիլիսը խաղում են «Սպարտակում», բայց Ռոման Բերեզովսկին էլ հիացնում է, թեև նա դինամոյական է (ծիծաղում է): Ինչ վերաբերում է Արազին ու Յուրային, ապա վաղուց էին ասում, որ «Սպարտակի» փայլի համար անպայման պետք է հայ ֆուտբոլիստ լինի: Հայաստանի հավաքականին հաջողություն եմ մաղթում «Եվրո-2016»-ի ընտրական փուլում: Կկրկնվեմ, բայց շատ բան կախված է լինելու նոր մարզիչից»:
Tags: Նիկիտա Սիմոնյան, Ռուսաստան-Հայաստան, սպորտ, ֆուտբոլ
