ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է ՀՀ-ում Նիդեռլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին

սերգո կարապետյան-Հանս ՀորբախՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Նիդեռլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Հանս Հորբախին: Շնորհավորելով դեսպանին պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցութամբ , նախարարը համոզմունք հայտնեց, որ նրա ջանքերով հայ-հոլանդական հարաբերությունները, մասնավորապես գյուղատնտեսության բնագավառում, կհասցվեն զարգացման նոր մակարդակի:

Դեսպան Հորբախը պատրաստակամություն հայտնեց ըստ ամենայնի աջակցել Հայաստանի և Նիդեռլանդների Թագավորության գյուղատնտեսության նախարարությունների միջև կապերի սերտացմանը և նշեց, որ հայ-հոլանդական հարաբերությունները գյուղատնտեսության բնագավառում զարգացման մեծ  հեռանկար  ու ներուժ ունեն:

Այնուհետև հյուրի խնդրանքով նախարարը հակիրճ  ներկայացրեց ոլորտի ներկա վիճակը, զարգացման միտումներն ու ռազմավարական ծրագրերը: Առաջնահերթությունների շարքում նախարարը ներկայացրեց  հողերի լիարժեք և արդյունավետ մշակման, գյուղատնտեսական կոոպերացիայի համակարգի ներդրման, սննդամթերքի անվտանգության կարողությունների ուժեղացման, անասնաբուծության և տոհմային գործի բարելավման, սերմարտադրության զարգացման հարցերը: Նա հատկապես կարևորեց ջերմոցային տնտեսությունների զարգացման հոլանդական առաջավոր փորձի ուսումնասիրումն ու կիրառումը մեզանում, ակնկալելով հոլանդացի մասնագետների աջակցությունը: Հիմնավորելով հարցի անհրաժեշտությունը, նախարարը ցանկություն հայտնեց այս տարի Նիդեռլանդների Թագավորությունում կազմակերպել գյուղատնտեսության հարցերին նվիրված բիզնես-ֆորում:

Դեսպան Հորբախը նշեց, որ Հոլանդիայի կառավարությունը պատրաստակամ է շարունակել համագործակցությունը Հայաստանի հետ : 2014 թվականի ամռանը Նիդեռլանդների Էկանոմիկայի նախարարությունն սկսելու է ֆինանսավորել «Մասնավոր սեկտորի նախաձեռնություն» թեմայով նոր ծրագրեր: Ուստի և պատրաստ է այդ նպատակով քննարկել ագրոպարենային ոլորտին վերաբերող  ներկայացված ցանկացած  ծրագիր,նշեց նա:

Հանդիպման ընթացքում նախարար Սերգո Կարապետյանն  անդրադարձավ նաև Մաքսային միությանը Հայաստանի անդամակցելուն,  նշելով. «Այդ հանգամանքը չի անդրադառնում Եվրամիության հետ մեր հարաբերությունների հեռանկարին, վերջինիս հետ մեր ծրագրերը շարունակվում են և պիտի աշխատենք ավելի խորացնել  ու ընդլայնել դրանք»: