Նախկին սիրեցյալի հետ դատական քաշքշուկներից մեկ տարի անց առասպելական կինոաստղ Ջինա Լոլոբրիջիտան կրկին դատվում է , այս անգամ սեփական որդու հետ: Նա պահանջում է մորն անգործունակ ճանաչել: Նրա կարծիքով 86-ամյա դերասանուհուն խնամակալ է հարկավոր, քանի որ նրա երիտասարդ բարեկամները խաբեությամբ նրանից գումարներ են կորզում: Կինոաստղի օրինական ժառանգը`Անդրեա Միլկո Սկոֆիչը, վախենում է, որ իր մայրը լիովին կսնանկանա: Սկոֆիչը Լոլոբրիջիտայի տղան է առաջին ամուսնությունից և նրա միակ ժառանգն է: Նա համոզված է, որ դերասանուհու երիտասարդ երկրպագուներն աչք ունեն նրա խնայողությունների և Իտալիայի ու Մոնտե Կառլոյի անշարժ գույքի վրա, որոնք գնահատվում են ավելի քան 36 միլիոն եվրո: Ինչպես հաղորդում է The Telegraph-ը, իտալական դերասանուհու որդին պահանջում է իր մոր համար խնամակալ նշանակել, որը կհետևի նրա ունեցվածքին և դրանց հետ կատարվող գործարքներին:
Դերասանուհին, որն իր փառքի գագաթին ճանաչվել էր սեքս խորհրդանիշ և աշխարհի ամենագեղեցիկ կինը, վերջերս հանրությանը ներկայացավ “շատ երիտասարդ գործընկերոջ հետ”, պնդում են իտալական ԶԼՄ-ները: Հասկանալի է, թե ինչու դերասանուհու որդին կասկածներ ունի ժառանգության հարցում:Մինչև 2007 թ. դերասանուհին ապրում էր իսպանացի գործարար Խավիեր Ռիգաու-ի-Ռաֆոլոսի հետ, որը 34 տարով փոքր էր իրենից: Ավելի ուշ Ջինան նրան մեղադրեց, որ նա ամուսնացել է իր հետ իր բացակայության պայմաններում, որպեսզի ժառանգի իր կարողությունը: Իբր պսակադրությանը մասնակցել է աշխարհահռչակ դերասանուհու նման մեկ այլ կին: Ձեռներեցն իր հերթին հայտարարել է, որ Լոլոբրիջիտան ինքն է ստորագրել համապատասխան փաստաթղթերը` թույլ տալով իր ներկայացուցիչին իր անունից ամուսնանալ: Նա դերասանուհուն մեղադրել է բանսարկության մեջ, սակայն Լոլոբրիջիտան պնդում է, որ ոչինչ չի իմացել այդ ամուսնության մասին, որ այդ ամենը խարդախություն է, ինչի մասին ինքն իմացել է թերթերից: Ինքը` կինոաստղը, հավատացնում է, որ ինքը լիովին սթափ է, մինչ այժմ ճանապարհորդում է աշխարհով մեկ և սիրավեպեր է ունենում: Իր հարցազրույցներից մեկում Լոլոբրիջիտան խոստովանել է.”Ես շատ սիրեկաններ եմ ունեցել և մինչ այժմ սիրավեպեր եմ ունենում, ես դրանցով շատ երես առած եմ: Ամբողջ կյանքումս չափազանց շատ երկրպագուներ եմ ունեցել”:
Լոլոբրիջիտայի որդին ծնվել է նրա առաջին ամուսնուց` հարավսլավական բժիշկ Միլկո Սկոֆիչից, ի պատիվ որի դրել են որդու անունը: Բժշկի հետ նա ամուսնացել է 1949թ., նրանց ամուսնությունը տևել է մինչև 1971թ.: Հիմա դերասանուհին կապված է Անդրեա Պիացոլոյի հետ, որը նրանից փոքր է 60 տարով: Ընդ որում, Լոլոբրիջիտան պնդում է, որ իրենց մեջ պարզ ընկերական հարաբերություններ են: Նրանց սիրավեպի մասին բոլոր ենթադրությունները դերասանուհին համարում է “վրդովվեցնող և զզվելի “:
