«2013-ին 1000 ծնունդների մեջ 9.2 պրոմիլ մահ է գրանցվել, ինչը վերջին տարիների համեմատ բավականին լավ ցուցանիշ է». Գայանե Ավագյան

Գայանե ԱվագյանՀՀ առողջապահության նախարարությանՄայրական և վերարտադրողական առողջության պահպանման  բաժնի պետ Գայանե Ավագյանն  այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ անկախության տարիներից սկսած մայրերի և երեխաների առողջության պահպանումը գերակա խնդիր է եղել: Վերջին տարիներին խնդիրն ավելի ակնառու էր դարձել, սակայն մի շարք միջոցառումներ ձեռնարկվեցին` լուծումներ գտնելու համար: Գայանե Ավագյանի խոսքով` ձեռնարկված միջոցառումներից էր, օրինակ, ծննդօգնության ծրագրի ներդրումը, որով հղիներն անվճար հետազոտությունների, ծննդաբերության իրավունք ստացան, այդ թվում` կեսարյան հատման ժամանակ: Կարևորելով պոտենցիալ մայրերի առողջությունը` 15 տարեկան աղջիկների համալիր ստուգման ծրագիրը ներդրվեց:
«Առանց առողջ տղամարդու հնարավոր չէ առողջ սերունդ ունենալ, ուստև աղջիկներին զուգահեռ նաև 14-15 տարեկան տղաների ստուգում է կատարվում: Տարին մեկ անգամ նույնիսկ թվացյալ առողջ կինը կարող է ստուգումների համար դիմել պոլիկլինիկաներ և պետք է դիմել, սակայն մեր կանայք հաճախ չեն օգտվում այս ծառայությունից, քանի որ չեն գիտակցում դրա կարևորությունը, մինչև որ հիվանդության ռեալ ախտանիշներ չեն նկատում»,- ասաց Գայանե Ավագյանը` ընդգծելով, որ հղիների մոտ այդ մշակույթն արդեն ձևավորված է, հղիության մասին տեղեկանալու առաջին իսկ օրվանից հղիները դիմում են բժշկի, ինչն էլ նպաստել է մայրական և մանկական մահացությունների թվի նվազմանը:

Առողջապահության նախարարության տվյալների համաձայն` 2013-ին 1000 ծնունդների մեջ 9.2 պրոմիլ մահ է գրանցվել, ինչը վերջին տարիների համեմատ բավականին լավ ցուցանիշ է:

Հիշեցնենք, որ ՀՀ առողջապահության նախարարությունն կանանց միամսյակի կապակցությամբ մեծ միջոցառում կանցկացնի: Մարտի 8-ից ապրիլի 7-ը կանայք և աղջիկները կարող են դիմել պոլիկլինիկաներ, անվճար հետազոտվել և անհրաժեշտության դեպքում հիվանդանոցներում բուժում և ուղեգրեր ստանալ:

Tags: , ,