Մոսկվայում կայացել է “Азербайджанские историко-географические фальсификации” գրքի շնորհանդեսը

84.Book presentation in Moscow 05.03.2014Մարտի 4-ին Ռուսաստանում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ Ռուբեն Գալիչյանի “Азербайджанские историко-географические фальсификации” ռուսալեզու գրքի շնորհանդեսը:

Միջոցառմանը ելույթով հանդես եկավ ՌԴ-ում Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանը, ով իր խոսքում նշեց, որ վերոնշյալ գիրքը մեծ հետաքրքրություն է ներկայացնում ինչպես գիտական, հասարակական, այնպես էլ ընթերցասեր լայն  շրջանակների համար: «Ռուբեն Գալիչյանի այս աշխատությունն արժեքավոր է առաջին հերթին այն առումով, որ այն ներկայացնում է տարածաշրջանի իրական պատմությունը, որի միտումնավոր խեղաթյուրումը ստեղծում է լուրջ խոչընդոտներ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման հարցում, ինչպես նաև խաթարում է տարածաշրջանի ժողովուրդների միջև բարիդրացիական հարաբերությունների զարգացմանը», – ընդգծեց դեսպան Եսայանը:

Այնուհետև ելույթով հանդես եկավ գրքի հեղինակը՝ խոսելով Ադրբեջանի կողմից վարվող պատմության խեղաթյուրմանն ուղղված քաղաքականության, դրա ակունքների և նպատակների մասին: Նա նշեց, որ այս գիրքը երկարատև, մանրակրկիտ աշխատանքի արդյունք է և իրենից ներկայացնում է իրական պատմության օբյեկտիվ ներկայացման փորձ:

Շնորհանդեսին ելույթներով հանդես եկան նաև ռուսաստանյան Սևծովյան տարածաշրջանի քաղաքական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Վ.Զախարովը, «Աշխարհի ժողովուրդների հոգևոր միասնության միջազգային ակադեմիայի» նախագահ Գ.Տրապեզնիկովը, «Ռուս-հայկական համագործակցության» նախագահ Յու.Նավոյանը, “Армянский принц Манук бей”, “Веапар: Воспоминания о Вазгене Первом”, “Спасенный Римом. Кардинал Григор Аганджанян” ռուսալեզու գրքերի հեղինակ Գոհար Ռշտունին, «Արարատ» մշակութային միության նախագահ Է.Դոլբակյանը, “Հայասա” տեղեկատվական պորտալի գլխավոր խմբագիր Տ. Մանասյանը:

Միջոցառման մասնակիցների թվում էին նաև անվանի քաղաքագետներ, պատմաբաններ, համայնքային և ռուսաստանյան հասարակական կազմակերպությունների ղեկավարներ, երիտասարդական կազմակերպությունների, ՌԴ Գրողների միության, մոսկովյան ԲՈՒՀ-րի հայ և այլազգի դասախոսական անձնակազմի, ինչպես նաև հայկական և ռուսաստանյան ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:

Տեղեկանք: Ռուբեն Գալիչյանի “Азербайджанские историко-географические фальсификации” ռուսալեզու գրքում մանրամասն ներկայացված են Հարավային Կովկասի պետությունների ձևավորման հիմնական փուլերը՝ տարբեր դարաշրջանների քարտեզների պատկերմամբ և պատմական սկզբնաղբյուրների հղումներով: Աշխատությունը հագեցած է պատմաբանական և էթնոգրաֆիկ նյութերով, ներկայացված է մոտ 45 պատմաբանական մեծ նշանակություն ունեցող քրիստոնյա, իսլամական և հունա-հռոմեական քարտեզների վերլուծություն: 

Tags: ,