Երազները կառուցվում են հիմնականում հիշողության բովանդակությունից

երազներԵթե մարդն ապրում է 60 տարի, ապա մոտ 20 տարի նա քնած է լինում։ Բնականաբար, արթուն վիճակի հոգեկան ապրումների մասին մենք ավելի շատ բան գիտենք, քանի որ դրանց որոշ մասը գիտակցվում է, այսինքն մենք հաշիվ ենք տալիս մեզ, թե արթուն վիճակում ինչ ենք տեսնում, լսում, շոշափում, ինչ մտքեր ու ցանկություններ ունենք:

archive2.ankakh.com-ի հետ զրույցում հոգեբան Անահիտ Սիմոնյանը նշեց, որ երազային փուլերում հատկապես ակտիվ է դառնում քնած մարդու գլուխուղեղի աջ կիսագնդի աշխատանքը, որն ապահովում է մտապատկերներով հարուստ ենթագիտակցական ապրումների՝ երազների առաջ գալը: Քնած ուղեղն հանգստանում է, բայց հանգստանում է իր աշխատանքի բնույթը փոխելու միջոցով։ Դրան նպաստում է արտաքին աշխարհից գրեթե լրիվ զգայական մեկուսացումը, որի հետևանքով պայմաններ են ստեղծվում ներհոգեկան գործընթացների ակտիվացման համար.

ՙՙՔնած վիճակը միօրինակ չէ։ Քնած մարդն, անկախ իր կամքից, անցնում է այդ ընդհանուր վիճակի մեկ փուլից մյուսին մինչև արթնանալը։ Երազները կառուցվում են հիմնականում հիշողության բովանդակությունից, քնած ժամանակ հիշողությունից վերարտադրված, նորից կյանք առած պատկերներից ու մտքերից։ Երբեմն հիշողության մեջ ամրապնդված ցերեկային տպավորությունները երազներում վերարտադրվում են գրեթե նույնությամբ՚՚։

Այսպիսով երազներում կատարվում է նախկինում ընկալված ու մտապահված տպավորությունների վերարտադրություն, այստեղ մարդու նախկին փորձը դրվում է նրա այժմեական դրդապատճառների ու խնդիրների տրամադրության տակ և օգտագործվում է շատ յուրահատուկ ձևով։ Ավելին, երազներում շատ հաճախ դիտվում է հիշողության արտակարգ ուժեղացում հիպերմնեզիա, որն արթուն վիճակում ավելի հազվադեպ ու ավելի թույլ չափով է դիտվում։ Դրա շնորհիվ երազներում մարդիկ վերհիշում են նույնիսկ այնպիսի իրադարձություններ, օրինակ, վաղ մանկության տպավորություններ, որոնց մասին ցերեկը ոչինչ չեն հիշում։ Նման փաստերը ևս վկայում են, որ մեր ենթագիտակցական ոլորտի հնարավորությունները հսկայական են:

 

Եթե դուք երազ եք տեսնում, ինչ որ կոնկրետ առարկայի մասին, դա չի նշանակում, որ երազը հենց դրա մասին է: Երազները ունեն խորը սիմվոլիկ լեզու անգիտակցական միտքը փորձում է համեմատել ձեր երազը այլ բաների հետ, ինչի հետ նույնացնում է: Դա նման է պոեմ գրելուն, որտեղ կարող են ասել, որ միջատների խումբը մեքենաներ են, որոնք անդադար շարժվում են և չեն կանգնում:

Այսպիսով սիմվոլները ձեր երազնորում ավելի քիչ հավանական է, որ կլինեն այն սիմվոլների վերարտադրությունը, որոնք իրականում կան:

 

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

 Անկախ

Tags: