Առավոտյան սուրճի օգնությամբ են արթնանում. Արմեն Նազարյան

սուրճԱյսօր սուրճը աշխարհի ամենատարածված ըմպելիքներից է: Գոյություն ունի սրճենու մոտ 40 տեսակ, բայց մեր օրերում օգտագործվում է այդ բուսաբանական տիպերից ընդամենը 4-ի բերքը։Ամեն տեսակ սուրճ պատրաստելիս պետք է իմանալ դրա պատրաստման որոշ գաղտնիքներ և էթիկետ։ Սուրճից իսկական բավականություն ստանալու համար, այն պետք է պատրաստել թարմ բոված հատիկներից։ Խորհուրդ է տրվում նաև չկուտակել աղացած սուրճի պաշարներ, այլ պահել սուրճն ամբողջական և աղալ միայն մի քանի օրվա համար։ Չի խրախուսվում մեկ բաժակ ջրին երկու գդալ սուրճ ավելացնելու շատերի սովորությունը։ Ջուրն իր հերթին պետք է մաքուր լինի։ Բացի այդ, եփելուց առաջ սրճեփը պետք է ողողել տաք ջրով։ Սուրճը պետք է ըմպել անմիջապես։

archive2.ankakh.com-ի հետ զրույցում բարմեն Արմեն Նազարյանը նշեց, որ սուրճը շատերի սիրած ըմպելիքն է: Միլիոնավոր մարդիկ առավոտյան սուրճի ՙՙօգնությամբ՚՚ են արթնանում: Հազարավորներին էլ այն օգնում է կենտրոնանալ: Բացի այդ, սուրճը, ավելի ճիշտ` դրա պարունակած կոֆեինը, ուժգնացնում է ասպիրինի և մյուս ցավազրկող դեղերի ազդեցությունը: Սուրճը շատ օգտակար է մտավոր աշխատանքով զբաղվողների համար: Նրա համոզմամբ  սուրճի  ազդեցությամբ մեծանում է ընթերցանության արագությունը, հաշվարկների ու ինտելեկտուալ խնդիրների լուծման ունակությունը:

Օրական 2-3 բաժակ սուրճը նույնիսկ բարերար ազդեցություն կարող է ունենալ տղամարդու վերարտադրողական ֆունկցիայի վրա, իսկ 4-5 գավաթը ստիպում է օրգանիզմին անընդհատ լարված լինել. հաճախանում են սրտամկանի կծկումներ. դրանից բխող հետևանքները կարող են ամենևին էլ թեթև չլինել:

Ինչ էլ լինի և ինչ էլ անելու լինենք, գոյություն ունի մի   ճշմարտություն, մի ոսկե կանոն` պետք է չափի զգացում ունենալ:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Անկախ

Tags: ,