Հանքային արդյունաբերությունը Հայաստանի տնտեսության գլխավոր հատվածն է և այն կազմում է երկրի արտահանման ծավալի կեսից ավելին: Հայաստանի Հանրապետության տարածքում գործում են տասից ավելի հանքեր, որոնք շահագործման են ենթարկվում օտարերկրյա ընկերությունների կողմից:
Հայաստանը մոլիբդենի հիմնական խոշոր արտադրողներից մեկն է։ Զանգեզուրի պղնձա-մոլիբդենային կոմբինատը մոլիբդենի խոշոր պաշարներ ունի, որոնք կենտրոնացած են Քաջարանի հանքավայրում։ Մոլիբդենից բացի Հայաստանը ունի պղնձի և ոսկու զգալի պաշարներ; կապարի, արծաթի և ցինկի փոքր հանքավայրեր; ինչպես նաև արդյունաբերական օգտակար հանածոների հանքավայրեր:
archive2.ankakh.com-ի հետ զրույցում հանքաբան Զավեն Ստեփանյանը նշեց, որ հանքարդյունաբերության ոլորտը լուրջ խնդիրների առջեւ է կանգնած մեր երկրում: Հայաստանը հիմնականում արտահանում է անմշակ հումք, ինչը չի կարող այդ ոլորտի զարգացում դիտարկել: Հայաստանի ընդերքն այսօր անխնա շահագործվում է՝ հանգեցնելով մի շարք լուրջ բնապապահպանական խնդիրների: Հնարավոր բոլոր բնապահպանական վնասները գրեթե ուշադրության չեն արժանանում պատկան մարմինների կողմից: Մի քանի տասնյակ կազմակերպություններ, երիտասարդական նախաձեռնություններ և հազարավոր բնապահպաններ իրենց բողոքի ձայնն են բարձրացնում, սակայն նկատելի արդյունք չկա:
Հանքարդյունաբերության ոլորտը վերահսկվում է մի քանի օլիգարխների կողմից, որոնք հսկայական եկամուտ են ստանում, սակայն պետբյուջե է գնում շատ չնչին տոկոսը: Հայաստանի Հանրապետության վերջին տարիներին տնտեսական տարեկան աճի հիմնական խթանը հանքարդյունաբերությունն է, որը էական դրական ազդեցություն չի կարող ունենալ ՀՀ հասարակ քաղաքացիների աղքատության մակարդակի նվազման գործում, քանի որ հանքարդյունաբերությունից միայն շահում են որոշ անհատներ:
Նման անխնա կերպով ընդերքի շահագործումն առաջիկա տարիներին մեր պետությանը կկանգնեցնի բավականին մեծ էկոլոգիական խնդիրների առաջ, սակայն իշխանությունները համառորեն չեն ուզում տեսնել հնարավոր այն բոլոր վտանգները, որոնք արդեն իսկ առկա են:
Հանքաբանի խոսքով Արևմտյան Հայաստանի Վանա լճում հայտնաբերվել են ուրանի հսկայական հանքեր, սակայն մեր հանրապետությունում անուշադրության է մատնված այդ հարցը: Բացի այդ հանքային ռեսուրսների պետական կադաստրում գրանցված են 115 լրացուցիչ նոր հայտնագործած տարբեր հանքավայրեր։ Հանքաքարն իրենից ներկայացնում է հանքային հումք, որը պարունակում է բավարար քանակությամբ մետաղներ՝ դրանց արդյունահանման և պիտանի արտադրանքի վերամշակման համար: Վերջինս կարող է մեր երկրի զարգացման վրա նշանակալի ազդեցություն գործել:
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ
Tags: Զավեն Ստեփանյան, Հանքարդյունաբերություն