1-ին և 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցող երիտասարդ ամուսինները հայտնվել են անօգնական վիճակում

Գյումրու «Անի» թաղամասի բազմահարկերից մեկի կոմունալ բոլոր հարմարություններից զուրկ ձեղնահարկում, կամ, որ առավել մոտ է իրականությանը` տանիքում, մենք հանդիպեցինք բառիս բուն իմաստով անօգնական վիճակում հայտնված, աչքի տեսողությունից զուրկ, 1-ին և 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցող երիտասարդ ամուսինների:

Այդ կացարանը նրանք տակավին վերջերս են վարձակալել: Նրանց ապրելակերպի մասին «Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութը թեև որոշել ենք ներկայացնել առանց մեկնաբանության, սակայն չենք կարող չհարցնել՝ լավ, մի՞թե հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներով զբաղվող միջազգային ու տեղական տասնյակ կազմակերպությունները չեն կարող կենցաղային տարրական պայմաններից ու անգամ անկողնուց զուրկ նման ընտանիքներին օգնության ձեռք մեկնել:

Վերջում ավելացնենք նաև, որ այս երիտասարդ զույգն անգամ նման ծանր վիճակում չի կորցնում լավատեսությունը կյանքի հանդեպ: Իսկ ամուսինների մի մեծ երազանքն է ունենալ «Արև» հատուկ ծրագրով տրվող համակարգիչ:

Tags: , , ,