«Մամիկոն Խոջոյանի դեպքի առնչությամբ դիմելու ենք Մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական դատարան». Լարիսա Ալավերդյան

լարիսա-ալավերդյանՎերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ Մամիկոն Խոջոյանի վերադարձի համար պետք է փառք տալ Աստծուն: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ, Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը: Բանախոսը տեղեկացրեց, որ Մամիկոն Խոջոյանը մինչև հիմա գտնվում է Իջևանի հիվանդանոցում: Զինգերիների, պատանդների հարցերով զբաղվող հանձնաժողովն արդեն հոգացել է նրա բուժման ծախսերը:

«Մենք շուտով հանդիպելու ենք Մամիկոն Խոջոյանի հետ և անմիջապես սկսելու ենք աշխատանքները իրավական պաշտպանության ուղղությամբ: Մենք դիմելու ենք Մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական դատարան: Մեզ ադեն դիմել են շատ հմուտ փաստաբաններ, որոնք առաջարկել են իրենց ծառայությունները: Փաստաբանների թվում է նաև Արտակ Զեյնալյանը, ում հետ մենք պատրաստվում ենք համագործակցել»,- ասաց Լարիսա Ալավերդյանը՝ հավելելով, որ պետք է այնպես անել, որ գոնե այս դեպքը դառնա միջազգային հանրության համար քննարկման նյութ, որի արդյունքում կպարզվի Ադրբեջանի առաջադեմ հասարակության երեսը, հայկական կողմն էլ իր պարտականությունը իրականացված կհամարի:

Լարիսա Ալավերդյանի խոսքով՝ արցախյան պատերազմի ժամանակ իրենք ակտվորեն աշխատել են ադրբեջանական կազմակերպությունների հետ և բազմաթիվ գերիների են վերադարձրել: Մինչև անգամ երկու երեխայի վերադարձ պատերազմական շրջանում:

«Ցավոք, երբ եկավ Ալիև կրտսերը, գրեթե կտրեց համագործակցության հնարավորությունները, ներկայումս պաշտոնապես ոչ մի կապ չկա ադրբեջանական կազմակերպությունների հետ»,- ասաց Լարիսա Ալավերդյանը:

Անդրադառնալով Ժնևյան 4-րդ կոնվենցիային՝ բանախոսը նշեց, որ կոնվենցիայի 3-րդ հոդվածը ուղղակի կոշտ արգելք է դնում այնպիսի անձանց գերության վրա, որոնք ուղղակիորեն ընդգրկված չեն զինվորական կամ այլ բախումների մեջ: 4-րդ կոնվենցիան վերաբերում է միայն խաղաղ բնակչությանը:

«Միջազգային արգելքի համաձայն՝ չպետք է լինի ոտնձգություն խաղաղ բնակչի ո՛չ կյանքի, ո՛չ էլ ֆիզիկական անձեռնմխելիության հանդեպ: Արգելված է անգամ պատանդ վերցնելը»,- ասաց  Ալավերդյանը:

 

Tags: , , ,