Վազգեն Մանուկյանը Ռումինիայում մի շարք հանդիպումներ է ունեցել և հանդես եկել դասախոսությամբ

DSC_0214ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը մարտի 1-5-ը Ռումինիայում ՀՀ դեսպանության աջակցությամբ և Ռումինիայի Հայոց միության հրավերով գտնվել է Բուխարեստում:

Այցի շրջանակներում ՀԽ նախագահը դասախոսություններով հանդես է եկել Բուխարեստի առաջատար քաղաքագիտական-վերլուծական կենտրոններում, հանդիպումներ ունեցել Ռումինիայի տնտեսական և սոցիալական խորհրդի նախագահ Ֆլորիան Կոստակեի, Ռումինիայի խորհրդարանի Հայաստան-Ռումինիա բարեկամության խմբի նախագահ Աուրել Վլադոյուի, Ռումինիայի Հայոց միության նախագահ Վարուժան Ոսկանյանի, ինչպես նաև Ռումինիայի խորհրդարանի փոքրամասնությունների խմբի ղեկավար Վարուժան Փամբուկչյանի հետ:

DSC_0188Հայ մշակույթի տանը ՀԽ նախագահը հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ, մասնակցել Սումգայիթի զոհերի ոգեկոչման պատարագին:

Քաղաքագիտական-վերլուծական կենտրոններում Վազգեն Մանուկյանն իր ելույթներում անդրադարձել է Ղարաբաղյան շարժման և Հայաստանի անկախության ձեռքբերման պատմությանը, խոսել Հայաստանի ներկայիս արտաքին մարտահրավերների, Արցախյան հիմնախնդրի, հայ-թուրքական հարաբերությունների մասին:

Բուխարեստի Տիտուլեսկու եվրոպական հաստատությունում տեղի ունեցած հանդիպմանը, որին ներկա են եղել Ռումինիայի արտգործնախարարության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, դեսպաններ, քաղաքագետներ, վերլուծաբաններ, քննարկում է ծավալվել Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ՝ մասնավորապես կապված Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների, Հայաստանի կողմից Մաքսային միությանն անդամակցելու որոշման հետ:

Մանուկյանը շեշտել է, որ Հայաստանը երբևէ չի հրաժարվել եվրաինտեգրման իր քաղաքականությունից և կառուցում է եվրոպական տիպի պետություն՝ հիմնված եվրոպական արժեքների և ժողովրդավարության վրա, մյուս կողմից, Հայաստանն անվտանգության խնդիրներից ելնելով, կապված է Ռուսաստանի հետ:

ՀԽ նախագահը, սակայն, հավելել է, որ Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու որոշումը պայմանավորված է ոչ միայն անվտանգության հարցերով, այլև տնտեսական գործոնով, քանի որ Հայաստանը ավանդաբար կապված է ռուսական շուկային, Ռուսաստանի հայ գործարարները մեծ ազդեցություն ունեն ռուսական բիզնեսում, հայկական շատ ապրանքներ այնտեղ մեծ պահանջարկ ունեն, մինչդեռ Եվրոպայում կարող են անմրցունակ լինել և այլն: Չնայած Հայաստանի ներկա տնտեսական վիճակի պահպանումը կապված է ռուսական շուկայի հետ, Մանուկյանը նշել է , որ երկրի տնտեսության զարգացումներն ու արդիականացումը կապված են Եվրոպայի հետ:

Ռումինիայի տնտեսական և սոցիալական խորհրդի նախագահի հետ հանդիպման ժամանակ, որպես համանման կառույցների ղեկավարներ, կողմերը քննարկել են իրենց գործունեությանն առնչվող մի շարք հարցեր, ձեռք բերել պայմանավորվածություններ:

Անկախ-ի հետ զրույցում Մանուկյանն ասաց, որ առաջիկայում Ռումինիայի տնտեսական և սոցիալական խորհուրդը նախատեսում է անցկացնել գործարարների համաժողով, և իրենք պայմանավորվածություն են ձեռք  բերել այդ համաժողովին նաև հայ գործարարների մասնակցության վերաբերյալ, որը կնպաստի հայ և ռումինացի գործարարների միջև կապերի ստեղծմանը:

«Ընդհանրապես, եվրոպական երկրներում հանրային խորհուրդները, ժամանակի ընթացքում ձևափոխվելով, որոշակիորեն նեղացրել են իրենց գործունեության ոլորտը՝ ի տարբերություն մեր Հանրային խորհրդի,-ասաց Մանուկյանը,-նրանք հենված են երեք կետի վրա՝ արհմիություններ, գործատուներ և կառավարություն: Դա հակասական կողմերի եռակողմ մի շղթա է, որտեղ փնտրվում են կոմպրոմիսներ, հաշտության եզրեր: Իսկ բիզնեսի, աշխատավորների շահերի պաշտպանությունը երկրի զարգացման կարևորագույն պայմաններից է»:

Հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ նույնպես հիմնականում բարձրացվել են Հայաստանի արտաքին հարաբերություններին առնչվող հարցեր:

Մանուկյանը կարևորում է դարերի ընթացքում հայերի ունեցած մեծ դերակատարումը Ռումինիայի պետության կայացման գործում, հայերի ներդրումները ռումինական մշակույթի, քաղաքականության մեջ և նշում, որ ռումինացիները նույնպես դա չեն մոռացել և մեծ հարգանքով են վերաբերվում հայ համայնքին ու ընդհանրապես՝ հայերին:

“Բայց մյուս կողմից, չպետք է մոռանալ, որ Ռումինիան այսօր Թուրքիայի ամենահավատարիմ դաշնակիցներից է, և այդ տեսակետից իր հստակ դիրքորոշումն ունի Հայոց ցեղասպանության, Արցախի հարցի վերաբերյալ,-ասում է նա,-և չնայած որ հայ համայնքի շատ ներկայացուցիչներ բավականին մեծ ազդեցություն ունեն ռումինական հասարակության մեջ, դա չի կարող չեզոքացնել Թուրքիայի ազդեցությունն այդ երկրում, քանի որ ի տարբերություն Հայաստանի, Թուրքիայի հետ Ռումինիան ունի տնտեսական խորը հարաբերություններ”:

DSC_0248Վազգեն Մանուկյանի այցը Ռումինիա լայնորեն լուսաբանվել է ռումինական լրատվամիջոցների կողմից: Իր հերթին ՀԽ նախագահը հարցազրույցներ է տվել ռումինական մի քանի լրատվամիջոցների:

 

Անկախ

Tags: , , , ,