«ՀԱԿ-ը մտածում է, որ ԲՀԿ-ի թիկնոցի տակից հոխորտալով խոսելու լավ պահ է».Գալուստ Սահակյան

Գալուստ-սահակյանԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով մարտի 1-ի ՀԱԿ հանրահավաքին,  նշեց, որ չի կարելի ժողովրդի մի զանգվածին հավաքել հրապարակում  և հայտարարել, որ այդ զանգվածը իրենն է, հետո էլ հնարավոր հանրահավաքի մասին խոսելով՝ բարի ճանապարհ ասել:

«Ժողովրդին չի կարելի քաղաքական շահերի համար օգտագործել: ՀԱԿ հանրահավաքի ողջ գաղափարախոսությունը Լևոն Տեր-Պետրոսյանի գոհունակության մեսիջն էր` ուղղված Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցությանը»,- ասաց Գալուստ Սահակյանը՝ հավելելով, որ ընդդիմության միակ ուզածն իշխանությունն է: Իսկ իշխանության գալու համար ընդդիմությունը պետք է աշխատի ժողովրդի հետ, այլ ոչ թե միայն խոսի: Ընդդիմությունը միայն ու միայն նախագահի աթոռ է ուզում, բայց ոչ երբեք՝ գյուղապետի պաշտոն: Միայն հանրահավաքներ անելով` ուզում է իշխանության գալ:

«Մենք պետք է ակտիվանանք ներսից, ոչ թե ոգևորվենք մայդաններից կամ արաբական գարուններից: Ես ժողովրդի մեջ իշխանափոխության ցանկություն չեմ տեսնում»,- ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավարը:
Հարցին` ինչպե՞ս կմեկնաբանի խոսակցություններն այն մասին, որ ԲՀԿ-ի հետևում կանգնած է Ռոբերտ Քոչարյանը, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «ԲՀԿ-ն այնպիսին է, ինչպիսին կա: Քաղաքական այդ ուժը  ո՛չ ինչ-որ մեկի առջևում է, ո՛չ էլ հետևում: Ուղղակի նա իրեն այլընտրանք է հայտարարել: ՀԱԿ-ն էլ մտածում է, որ ԲՀԿ-ի թիկնոցի տակից հոխորտալով խոսելու լավ պահ է: Չեմ կարծում, որ ԲՀԿ-ն դրանից կորցնի իր քաղաքական իմիջը»:

Tags: , , ,