“Ղրիմում կարծես թե կիրառվում է Լեռնային Ղարաբաղի մոդելը, ինչը խիստ շահեկան է մեզ համար”. Լևոն Շիրինյան

Լևոն ՇիրինյանՈւկրաինայի համար կռիվ է գնում խոշոր տերությունների միջև: Արևմտյան ռազմավարությունը նպատակ ունի Ուկրաինայի միջոցով թուլացնել Ռուսաստանին, սակայն, պետք է ասել, որ Ռուսաստանն այդ կռվում դեռևս չի պարտվել: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ մեկնաբանելով Ուկրաինայի շուրջ զարգացող դեպքերը` ասաց Քաղաքագետների միության անդամ, քաղաքագետ Լևոն Շիրինյանը:

Քաղաքագետի խոսքով` Ուկրաինայի նոր իշխանությունները գործում են ճիշտ այնպես, ինչպես Միխայիլ Սահակաշվիլին էր տարիներ առաջ Վրաստանում գործում: Ուկրաինայում էթնոկրատիա է ստեղծվում, ինչը, սակայն, Ռուսաստանը թույլ չի տա: Ռուսաստանը թույլ չի տա նաև ռուսական հատվածի արդյունաբերության վատնումը:

Քաղաքագետը համոզված է, որ Ուկրաինան գնալու է ֆեդերալիզացիայի ճանապարհով, քանի որ դա է միակ անցնցում լուծումը:
Անդրադառնալով Ղրիմի շուրջ ծավալվող իրադարձություններին` Լևոն Շիրինյանը նշեց, որ Ղրիմում կարծես թե կիրառվում է Լեռնային Ղարաբաղի մոդելը, ինչը խիստ շահեկան է մեզ համար:

“Ստեղծվել է մի նախադեպ, որը մենք պետք է ողջունենք: Ընդհանուր առմամբ Ղրիմում ու Արցախում իրավիճակը գրեթե նույնն է. Արցախի անկախության երաշխավորը Հայաստանն է, Ղրիմինը` կլինի Ռուսաստանը:  Ի դեպ, ոչինչ չի փոխում այն, որ Ղրիմի խորհրդարանն այսօր որոշում է կայացրել մտնել Ռուսաստանի կազմի մեջ: Կրեմլում նստած՝ արտագրել են Ղարաբաղի փորձը”,- ասաց Լևոն Շիրինյանը՝ հավելելով, որ անհրաժեշտ է ստեղծել կիսաճանաչված կամ չճանաչված պետությունների դաշինք:

Անկախ

Tags: , ,