Չի կարելի գնալ գյուղ, խոստումներ տալ ու չկատարել. Հովիկ Աբրահամյան

աբրահամյան«Բոլորս պետք է հասկանանք, որ կախարդական փայտիկ չկա, որ բոլոր հարցերը միանգամից լուծենք: Մենք պետք է անենք ամեն ինչ` ստեղծելու բարենպաստ հնարավորություններ գյուղացիների  համար, էժան տոկոսով երկարաժամկետ վարկեր տրամադրենք: Չպետք է գյուղատնտեսական վարկը լինի յոթ տարուց պակաս, դա չի կարող շահույթ ապահովել, իսկ յուրաքանչյուր բիզնեսի հիմքում պետք է ընկած լինի շահույթը, որպեսզի այն գոյատևի, ունենա շարունակական բնույթ»,-  այսօր ԱԺ-ում գյուղատնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նիստի վերջում հայտարարեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը` հավելելով, որ կարևոր է գիտակցությունը, թե գյուղատնտեսությունը Հայաստանի առաջնահերթ ուղղություններից է, որի զարգացման համար պետք է միջոցներ ձեռնարկվեն:

«Քննարկումների արդյունքում ես տպավորություն ստացա, որ գյուղատնտեսության վիճակն այնքան էլ վատ չէ, բայց որ գնում ենք գյուղեր, այդ մոտեցումը չենք տեսնում: Չնայած կարող ենք արձանագրել, որ դժգոհությունները պակասել են: Պետք է արձանագրենք, որ գյուղատնտեսությունը շատ կարևոր է մեր երկրի համար, պետք է գյուղը ոտքի կանգնի, պետք է գյուղացուն օգնենք, որ ոտքի կանգնի: Պետք է, որ պաշտոնյաներն այցելեն համայքներ, վերադառնան ու իրականացնեն քննարկումներ, որոնք օգուտ կտան ընդհանուր գործին: Ես կոչ եմ անում, որ  բոլորս լինենք հետևողական մեր խոստումների մեջ: Չի կարելի գնալ գյուղ, խոստումներ տալ ու չկատարել: Գյուղացիները բողոքում են, երբ  խոստումներից հետո չեն կարողանում տեսնել լուծումը, դա է խնդիրը»-հայտարարեց ԱԺ նախագահը:

Tags: , ,