Պակիստանը դարձավ StartUp Cup մրցանակաբաշխության հաղթող

StartUp CupԱյսօր Երևանի «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում աշխարհի յոթ երկրների StartUp-ները մրցեցին առաջին համաշխարհային StartUp Cup-ի հաղթողի կոչման համար: Մրցույթին մասնակցում էին Պակիստանի, Եգիպտոսի, Մալայզիայի, Ռուսաստանի, Ֆիլիպինների, Լիբանանի և Գանայի թիմերը: Տարվա լավագույն StartUp ճանաչվեց Պակիստանի «Go-Fig» թիմը: Երկրորդ տեղում Գանայի «Bravehearts Expeditions» թիմն էր, երրորդ տեղում` Ռուսաստանի «Oriense» թիմը:

ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը իր ելույթում նշեց, որ առաջին անգամ է Հայաստանում անցկացվում StartUp մրցանակաբաշխություն: «StartUp-երի վերաբերյալ Հայաստանում մի քանի միջոցառումների եմ մասնակցել, սակայն առաջին անգամն է, երբ Հայաստանում է մեկնարկում այս մրցույթը: Այս տարվա մեկնարկի արարողության առաջարկն արվել է Հայաստանին, որովհետև նախկին միջոցառումներին Հայաստանը կարողացել է արդյունավետ մասնակցություն ունենալ:

«Թումո» կենտրոնի տնօրեն Մարի Լու Փափազյանն ուրախությամբ նշեց, որ «Թումոյի» համար մեծ պատիվ է իր հարկի ներքո նման միջոցառում անցկացնել:

StartUp Cup-ի հիմնադիր ու գործադիր տնօրեն Շոն Գրիֆինի խոսքով` համաշխարհային StartUp Cup-ը շատ նշանակալից միջոցառում է: Այն նպատակ ունի ներկայացնել ամենատարբեր տնտեսական համակարգերում գործող ամենահաջողակ ձեռնարկատերերին ու նորաստեղծ բիզնեսները: Հայաստանյան ստարտափների առաջնությունը Միացյալ Նահանգներից դուրս անցկացված առաջին մրցույթներից է, այդ իսկ պատճառով պատահական չէ, որ առաջին ամենամյա համաշխարհային StartUp Cup-ը տեղի է ունենում հենց Հայաստանում:

Համաշխարհային StartUp Cup-ում մրցեցին 21 երկրների տեղական մրցույթների հաղթողներից ընտրված յոթ թիմեր: Այսօր գոյություն ունի StartUp Cup բիզնես մոդելի 68 մրցույթ՝ 57 տարբեր երկրներում: Յուրաքանչյուր տեղական մրցույթի հաղթող, որ նվաճել է իր կոչումը 2013-ի հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում, հնարավորություն է ունեցել մասնակցել համաշխարհային StartUp Cup մրցույթին:

Հաղթողին սպասում են ներդրումներ, հաճախորդներին ու ներդրողներին բարձր մակարդակով ներկայանալու նոր հնարավորություններ և, իհարկե, արժանապատիվ կոչում:

Նշենք, որ համաշխարհային StartUp Cup մրցանակաբաշխության հայաստանյան կազմակերպիչներն են «Upostrophe» հիմնադրամը և «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը:

Անկախ

Tags: , ,