Մարտի 8-ից կմեկնարկի «Ամոթ չէ պայքարել քո իրավունքների պաշտպանության համար» մեկամսյա միջոցառումների շարքը: Նախաձեռնությունը Կանանց ռեսուրսային կենտրոնինն է:
ՀՀ-ում կանանց նկատմամբ գենդերային հիմքով բռնության ներկայիս իրավիճակի մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց ԵՊՀ գենդերային հետազոտությունների և առանջորդության կենտրոնի արտաքին և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Սիրան Հովհաննիսյանը: Ըստ բանախոսի կանանց միամսյակի շրջանակներում ավելի շատ պետք է բարձրաձայնել կանանաց իրավունքների մասին:
«Չեն կարող միանշանակ ասել, որ Հայաստանում մենք այսօր ունենք համապետական կանանց շարժում, սակայն կան բազմաթիվ շարժումներ, միավորումներ, որոնք զբաղվում են կանանաց իրավունքներով, նրանց նկատմամբ բռնությունների դեպքրի բացահայտմամբ և դրանց դեմ պայքարով: Կանանց 94 %-ն աշխարհում գենդերային անհավասարության զոհ է, ահա թե ինչու ամբողջ աշխարհում հենց կանայք են պայքարում իրենց իրավունքների համար»,- ասաց Սիրան Հովհաննիսյանը:
«Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ-ի արտաքին կապերի պատասխանատու Պերճուհի Կաժոյանի խոսքով` ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ մեր իրականության մեջ կան գենդերային կարծրատիպեր, որոնք անդրադառնում են կանանց և տղամարդկանց հարաբերությունների վրա: Շատ կարծրատիպեր կան նաև սեռադերային փոխհարաբերություններում:
«Հայաստանում ամենատարածվածը ընտանեկան բռնություններն են, որոնք հիմնականում մնում են փակ դռների հետևում, լինի հոգեբանական ճնշման, թե ծանր ֆիզիկական բռնության դեպքեր: Հաճախ կինը նույնիսկ իր կյանքով է վճարում լռության դիմաց: Այս տարի մարտ ամսին միայն 4 կին է մահացել ընտանեկան բռնությունից:
Բռնության դեմ պայքարելու հիմնական միջոցը այդ դեպքերի մասին բարձրաձայնելն է: Շատ քիչ է խոսվում նաև սեռական բռնության դեպքերի մասին: Աշխատաշուկայում կանայք ևս գենդերային անհավասարության զոհ են դառնում, կամ ցածր աշխատավարձեր են ստանում, կամ էլ բարձր պաշտոններ չեն զբաղեցնում: Քաղաքականության մեջ, իհարկե, ունենք կին գործիչներ, բայց դրանց թիվը շատ քիչ է: Նրանք էլ չեն բարձրաձայնում կանանաց իրավունքների մասին»,- ասաց բանախոսը` հավելելով, որ որքան շատ կանայք գիտակցեն իրենց իրավունքները, այնքան ավելի առողջ ընտանիքներ կունենանք:
Tags: գենդերային հավասարություն, կանանց իրավունք, կին, մարտի 8