Բաց դռների օրեր բժշկական հաստատություններում կանանց տոների մեկամսյակի կապակցությամբ

միամսյակՎաղվանից կմեկնարկի կանանց տոների մեկամսյակը, ինչի կապակցությամբ ՀՀ բազմաթիվ բժշկական հաստատություններում կլինեն բաց դռների օրեր և՛ խորհրդատվություն, և՛ զննում, և՛ որոշակի բուժում ստանալու հարցերով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեցին առողջապահության նախարարության Մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանը և Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի գործադիր տնօրեն Խաչանուշ Հակոբյանը:

Նրանք մասնավորապես շեշտեցին, որ բաց դռների օրերը նպատակ ունեն շեշտադրել, կարևորել կանանց առաջնային, կանխարգելիչ զննումը: Այս նպատակով մեկամսյակի ընթացքում անվճար կլինեն հատկապես մանկաբարձագինեկոլոգիական, ներզատաբանական, սրտաբանության և ակնաբուժության ոլորտային զննումները, որոնք ծրագրային հստակ ուղղություններն են, բայց սա չի նշանակում, թե այլ ոլորտներում անվճար զննումները բացառված են:  Մասնագետները հայտնեցին նաև, որ անվճար չեն լինի միայն բարդ, նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ կատարվող բուժման ձևերը:
Հերթերից և կուտակումներից խուսափելու համար առողջապահության նախարարությունը մշակել է հետևյալ սխեման: Դիմել ցանկացող կնոջ համար առաջին դուռը պետք է լինի պոլիկլինիկան, որտեղից էլ արդեն անհրաժեշտության դեպքում նրան կուղեգրեն համապատասխան մասնագիտացված բժշկական հաստատություններ:

Tags: