Հայաստանը որևէ վերաբերմունք ցուցաբերելու համար պետք է ունենա իշխանություն, Հայաստանը իշխանություն չունի. Աշոտ Մանուչարյան

աշոտ մանուչարյան«Հայաստանը պետք է ուշի ուշով հետևի Ուկրաինայում կատարվող իրադարձութուններին, քանի որ այս պահին, ըստ էության, ուկրաինական նույն  որակներն ու գնահատականները կարող ենք տալ Հայաստանում վիճակի մասին», – նման միտք այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց «Ղարաբաղ»  կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը՝ իբրև հիմնական նմանություն շեշտելով այն, որ թե՛ Հայաստանում, թե՛ Ուկրաինայում այսօր միայն ժողովրդի համար կարելի է ցավ ապրել, քանի որ ժողովուրդը միակ անկեղծն է ամբողջ գործում:

«Ուկրաինայում էլ, ինչպես մեզ մոտ, կա մաֆիոզ իշխանություն, ժողովուրդն  ուղղակի ուզում է լավ իշխանություն, ոտքի է կանգնել, որ նորմալ երկիր ստանա, բայց շատ դրսի ուժեր կանեն ամեն ինչ, որ այդ ազնիվ մարդկանց  ցանկությունները չարդարանան, երկիրը կանգնի աղետի առաջ, քանի որ դրսի ուժերն իրենց նպատակներով են առաջնորդվում: Ռուսամետ ուժերն իրենց կողմն են ձգում Ուկրաինան, արևմտամետ ուժերն՝ իրենց: Արդյունքում կարելի է միայն ցավ ապրել ուկրաինացիների համար», – ասաց Աշոտ Մանուչարյանը:

Հարցին, թե այս պահին ինչ կերպ պետք է հարաբերվեն Ուկրաինայի հետ մեր իշխանությունները, Աշոտ Մանուչարյանն այսպես պատասխանեց.«Հայաստանը որևէ վերաբերմունք ցուցաբերելու համար պետք է ունենա իշխանություն, Հայաստանը իշխանություն չունի: Իշխանության գլխում է «Ղարաբաղյան կլանը», որի անվանումը  կապ չունի Ղարաբաղյան շարժման հետ, այդպես է կոչվում,  որովհետև կլանի երկու գլուխները ծագումով ղարաբաղցիներ են: Եվ ահա, այս կլանը պետության գործերով չի զբաղվում: Պետք է նորմալ իշխանություն, որ կկարողանա պատասխան տալ արտաքին քաղաքական նման հարցերին»:

Tags: , ,