Հայտնի է, որ քրիստոնյա աշխարհը ներկայումս գտնվում է Մեծ պահքի շրջանում, որի ընթացքում հավատացյալ հանրությունը զսպվածություն է ցուցաբերում սննդի հարցում, ինչպես նաև հրաժարվում մի շարք զվարճանքներից, հարմարավետությունից, մտքերից: Այս համատեքստում Գերմանիայի ավետարանչական եկեղեցին մի հետաքրքիր նախաձեռնություն է մշակել: 1983 թվականից մեկնարկած «Յոթ շաբաթ առանց» (7 Wochen ohne) ակցիային տարեցտարի ավելի շատ մարդիկ են միանում, որոնք ոչ միայն եկեղեցու ակտիվ համայնքից են:
Մոտ 3 միլիոն գերմանացի ամեն տարի հետևում է հոգևոր առաջնորդների կոչերին և գիտակցաբար խոստում տալիս պահպանել յոթշաբաթյա արգելքը: Մեկը հրաժարվում է մսեղենից, մյուսը հեռուստացույց քիչ է դիտում կամ հրաժարվում ավտոմեքենայից: Վերջին տարիներին նախաձեռնությանը մեծ թվով երիտասարդներ են մասնակցում: Այն հարցին, թե ինչից չեն կարող նրանք հրաժարվել պահքի ընթացքում, մեծամասնությունը նշել է սմարթֆոնը: Այդ պատճառով էլ այս տարի գերմանական եկեղեցու կոչին արձագանքող և սմարթֆոններից յոթ շաբաթ ժամկետով հրաժարվողները համարվում են ամենից համարձակ և ուժեղ կամքի տեր մարդիկ:
«Յոթ շաբաթ առանց» նախաձեռնության հեղինակները նշում են, որ այս ակցիան մարդկանց հնարավորություն է տալիս բացահայտել իրենց կախվածությունը այս կամ այն երևույթից ու ազատվել դրանից:
Tags: պահք