«Սրճարան կառուցելը հնագիտորեն ընդունելի չէ, քանի որ Գառնին քարակերտ, ժայռերի վրա դրված հուշարձան է». հնագետ

Համլետ ՊետրոսյանՄշակութային ժառանգության պահպանության հարցում պատասխանատու է պետությունը: Իշխանության որոշ ներկայացուցիչներ պատմամշակութային ժառանգությունը շատ հաճախ իրենց սեփականությունն են համարում և տնօրինում են այնպես, ինչպես ուզում են: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց հնագետ Համլետ Պետրոսյանը:

Նրա խոսքով` եթե համայնքի կողմից տնօրինվի մշակութային ժառանգությունը, իշխանավորն այն իր սեփականությունը չի համարի: Մշակութային ժառանգության պահպանության հիմնական լծակները քաղաքականության, վարչարարության, օրենսդրական փոփոխությունների միջոցով պետք է տրվի հասարակությանը:
Մշակութային ժառանգության պահպանությունը սերտորեն կապված է դրա դերակատարության հետ:

«Մեզ մոտ մշակութային արժեք ասելով` շատ հաճախ բացօթյա և անշարժ ժառանգությունները նկատի ունեն, սակայն ոչ, նյութականն էլ է ժառանգություն, որի պահպանության հետ կապված ևս լուրջ խնդիրներ ունենք: Այսօր շատ ավելի գերակշռում է մշակույթը որպես գործիք դիտարկելու քաղաքականությունը, այն դառնում է մեր ինքնությունը տարբերակող այցեքարտ»,- ասաց Համլետ Պետրոսյանը:
Անդրադառնալով Գառնու տաճարի մոտակայքում սրճարան կառուցելուն`հնագետը նշեց, որ սա առաջին դեպքերից է, երբ համայնքը փորձում է ինքնուրույն լուծել խնդիրը: «Ես 8 տարի Գառնու հնագիտական հետազոտությանն եմ մասնակցել, արշավախմբի անդամ եմ եղել: Գառնին պատմամշակութային, բնական և լանդշաֆտային հուշարձան է: Այդ տաճարի անունն իրականում պետք է լինի ոչ թե հեթանոսական, այլ անտիկ հնավայր, որը ողջ ամրոցն է` ներառյալ տաճարը, պալատական կառույցները, բաղնիքը, եկեղուցու մնացորդները և մյուսները: Այդ լանդշաֆտը կարող է ընկալվել, երբ ամբողջական է: Ցանկացած, թե´ մշտական, թե´ ժամանակավոր կառույց, ինչը կարող է հուշարձանի ընկալմանը նույնիսկ որևէ կետից խանգարել, միանշանակ անընդունելի է»,- ասաց հնագետը:
Նրա հավաստմամբ՝ զբոսաշրջությունը հուշարձանը պահպանող կազմակերպության առաջնային խնդիրը պետք է չլինի: Զբոսաշրջությունն ու պահպանությունը շատ հաճախ հակադիր նպատակներ ունեն: Սրճարան կառուցելը հնագիտորեն ընդունելի չէ, քանի որ Գառնին քարակերտ, ժայռերի վրա դրված հուշարձան է:

Tags: ,