«ՀՀ տնտեսության 70 %-ը գտնվում է ռուսական տիրապետության տակ, … ». Զոյա Թադևոսյան

Zoya TadevosyanԱրդեն մեկ շաբաթ և ավելի հանրությունը քննարկում է մարտի 1-ի ՀԱԿ հանրահավաքին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը: Ելույթի ժամանակ հնչեցրած հարցերն էլ դարձել են օրակարգային խնդիրներ: ՀՀ առաջին նախագահի արտահայտած մտքերը շատ ավելի խոր փիլիսոփայություն ունեն իրենց մեջ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀԱԿ վարչության անդամ Զոյա Թադևոսյանը:

«Հայաստանի տնտեսության 70 %-ը գտնվում է ռուսական տիրապետության տակ: Այս ֆոնին դիտարկել Հայաստանի տնտեսական զարգացումն  առանց Ռուսաստանի, մանկամիտ կարծիք է: Մաքսային Միության կայացման որևէ նախադրյալ Հայաստանում չկա: Միության կայացման նախադրյալներ չկան նաև այն երկրներում, որոնք միավորված են այդ միության շուրջ: Մաքսային Միության գաղափարը առաջնահերթ քաղաքական որոշում էր, որպեսզի Ռուսաստանն  իր իշխանությունն ամրապնդի Հարավային Կովկասի տարածքում: Ուկրաինան չի ցանկանում մտնել Մաքսային Միություն, Ուկրաինան կկորցնի իր տարածքների մի մասը: Հայաստանը չի ցանկանա միանալ Մաքսային Միությանը, կկորցնի Լեռնային Ղարաբաղը»,- ասաց Զոյա Թադևոսյանը` հավելելով, որ Մաքսային Միությանն անդամակցությանը դրական գնահատական տալու համար Լևոն Տեր-Պետրոսյանին չպետք է քննադատել, քանի որ նրանից լավ համաշխարհային քաղաքական զարգացումները հասկացող չկա:

Անդրադառնալով Հայաստանում Մայդանի կրկնության հնարավոր նախադրյալներին` ՀԱԿ վարչության անդամը նշեց, որ Հայաստանում Մայդանի կրկնություն չի տեսնում, այլ տեսնում է նախադրյալներ ժողովրդի վրդովմունքը սահմանադրական կարգով արտահայտելու:

«Մայդանի դեպքերին պաշտոնական Երևանի չարձագանքելուց պարզ է դառնում, որ մենք ունենք վասալի կարգավիճկ: Ո՞վ իրեն թույլ կտա դիրքորոշում արտահայտել ուկրաինական դեպքերի վերաբերյալ, երբ արդեն հայտնի է Ռուսաստանի դիրքորոշումը: Այստեղ լավագույն արձագանքը լռելն է»,- ասաց բանախոսը:

Անդրադառնալով Լևոն Տեր-Պետրոսյանի` Գագիկ Ծառուկյանի և Բիձինա Իվանիշվիլու միջև անցկացված համեմատությանը` Զոյա Թադևոսյանը հիշեցրեց, որ Գագիկ Ծառուկյանը լայնամասշտաբ բարեգործական աշխատանքներ է արել և անում, ինչի մասին, կարծես թե, բոլորն ուզում են լռել:

«Չկա մի պատգամավոր, որն իր ձեռքը գրպանն է տարել և մի դրամ տվել, ասենք, ուսանողներին: Եվ հետո, չկա մի մարդ, ով իր կյանքում որևէ մեղք գործած չլինի: Եթե մարդը սխալվել է, նրան դատապարտե՞նք և թույլ չտա՞նք, որ նա լավ բան անի հանրության համար»,- ասաց ՀԱԿ վարչության անդամը` հավելելով, որ Լևոն Տեր- Պետրոսյանը Գագիկ Ծառուկյանի և Իվանիշվիլու նմանությունները տեսնում է միայն նրանց ֆինանսական հնարավորությունների մեջ: