11 երեխա՝ գյումրեցի նպաստառու ընտանիքում

գյումրի (2)Գյումրեցի Դիլանյանների ընտանիքում մոտ 15 օր առաջ ծնվեց 11-րդ երեխան: Այսօր, մարտի 8-ի նախօրեին, Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանն այցելեց այս ընտանիքին: Բոլոր երեխաները, ծնողները,  տատիկը և պապիկն ապրում են 4 սենյականոց բնակարանում: Երեխաներից վեցը տղա են, հինգը՝ աղջիկ, ամենամեծը՝ որդին, 16 տարեկան է, իսկ փոքրիկ Տիգրանը դեռ 15 օրական է:
«Եկել եմ շնորհավորելու բազմազավակ ընտանիքին, այս աղջիկների մարտի 8-ը, ցանկանալ առողջություն, հաջողություն: Օրվա կապակցությամբ նաև դրամական աջակցություն ցույց տվեցինք 41 ընտանիքների, որոնք նույնպես բազմազավակ են, և մարտի 8-ի կապակցությամբ նաև աջակցություն ենք ցույց տալիս զոհված ազատամարտիկների ընտանիքների կանանց, նորից ֆինանսական տեսքով: Ես կուզենայի, որ այսպիսի բազմազավակ ընտանիքները շատ լինեին: Մենք պակասում ենք տարբեր պատճառներով, հիմա  պետք են այսպիսի ընտանիքներ, որոնք մեր թիվը կավելացնեն, դա շատ անհրաժեշտ է մեզ», – ընտանիքին հանձնելով նվերը, նշեց Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը:
Ընտանիքի մայրը՝ 33-ամյա Դիլանյան Մարիցան,  ասում է. «Չեմ ասում, որ հեշտ է պահելը, ամեն երեխա իր դժվարությունն ունի, բայց  մենք որոշել ենք, ինչքան եղավ երեխա, ես պետք է ունենամ: Մենք շատ ուրախ ենք այս փոքրիկիս ծնունդով, երեխաներն էլ դեմ չէին, որ իրենց ապերիկը ծնվեր: Ասում են՝ ամեն երեխա իր ղսմատն ունի, Աստված երեխային որ տալիս է,  ղսմատն էլ հետն է տալիս: Տիգրանս ինչ ծնվել է,  մեզ միշտ այսպես նվերներ են գալիս: Մենք դժգոհ չենք»:
41-ամյա Դիլանյան Հովհաննեսն էլ, մեկնաբանելով շատ երեխաներ ունենալն, ասում է, որ աղանդավոր չեն. «Երեխաներ ունենալու համար մենք կոնկրետ որոշումներ չենք կայացրել: Երեխաներ ունեցել ենք մեր ազգը շատացնելու համար և ըստ Աստծո պատվերի: Մենք ուրախ ենք մեր երեխաներով: Ես ինքս չեմ ունեցել եղբայրներ, բայց եղբոր կարիք կյանքում շատ եմ զգացել, ուստի ուզեցել եմ, որ իմ երեխաները կյանքում այդ դժվարությունները չտեսնեն: Սա է եղել մեր շատ երեխաներ ունենալու նպատակը»:
«Մենք մի բարեկամ ունենք, իրենն էլ էր 11 երեխա, միշտ ասում էր՝ ես հաշվելով եմ իմանում բոլորը տանն են, թե  չէ: Ձերն այդպես չէ, չէ՞: Անունները խառնել, բան չկա», – դիմելով ընտանիքի հորը հարցրեց մարզպետը:

«Ես կուզենայի, որ մեր ժողովուրդը շատ երեխաներ ունենար: Իմ մայրն էլ յոթ երեխա է ունեցել: Մի ժամանակ, հերոսուհի մայր էին տալիս, հիմա, իհարկե, նման բաներ չկան, բայց կա վերաբերմունք: Շատ էրեխեն լավ բան է: Սուտ է այն պատճառաբանությունը, թե չենք կարող պահել, դրա համար քիչ ենք ունենում. ամեն երեխա իր բաժինն ունի», – շարունակում է Ֆելիքս Ցոլակյանը:

Տունը փոքր է, 9 հոգով քնում են մեկ սենյակում, բայց երեխաների մեծանալուն զուգընթաց ավելանում է օր առաջ նոր կամ ավելի մեծ տան պահանջը: Ընտանիքի պապիկը մարզպետից խնդրեց լուծել բնակարանի հարցը, քանի որ թոռների մեծ մասը տղաներ են և «վաղը մյուս օրը պսակվելու են»: «Այդ մասին մենք առանձին կխոսենք, ամսվա վերջին եկեք, տեսնենք», – նրան հակադարձեց մարզպետը:
Հովհաննես Դիլանյանն աշխատում է շինարարությունում՝ սեզոնից սեզոն, իսկ այս ամիսներին տաքսի է վարում: Դիլանյանների ապրուստի հիմնական միջոցն ընտանեկան նպաստն է ու տատիկ-պապիկի թոշակը: «Պետության կողմից այլ աջակցություն չենք ստանում: Ես շատ շնորհակալ եմ մարզպետի այսօրվա այցից, իրոք անակնկալ էր, չէինք սպասում», – ասում է Մարիցան:
Երեխաները դպրոց են հաճախում, ավելի փոքրերն ու նորածինն էլ այդ ընթացքում ապահովում են ընտանիքի աշխուժությունը:
«Ջահել եք, ձեզ առողջություն, հլը էլի կեղնի», – ընտանիքին հրաժեշտ տալով ասաց Շիրակի մարզպետը:
Հավելենք, որ մարզի 7 և ավելի անչափահաս ունեցող 42 ընտանիքների Շիրակի մարզպետի որոշմամբ, մարտի 8-ի կապակցությամբ, տրվելու է դրամական աջակցություն՝ 30 հազարական դրամ: Իսկ Դիլանյանների ընտանիքին մարզպետը լվացքի մեքենա նվիրեց:

Tags: ,