Օրեր առաջ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում «Հատուկ Վարդան Օսկանյանի համար» վերնագրով գրել էր. «Չէի կարդացել Վարդան Օսկանյանի գրառումը, որում նա մասնավորապես ասում է. «Նմանօրինակ մտքեր են արտահայտել նաև խորհրդարանական ոչ իշխանական մյուս ուժերի առաջնորդները»: Եթե մինչ այժմ մեր մասին «ոչ իշխանական» որակումը օգտագործում էին լրագրողները, զայրանում էի ու ուզում հասկանալ, թե որտեղի՞ց է դա գալիս, չէի հասկանում, թե որտեղից ու ինչպե՞ս հրապարակ իջավ այն: Հիմա գուշակում եմ, որ այն հմտորեն և միտումնավոր է շրջանառության մեջ դրված /միգուցե հենց ձեր կողմից/ և արդեն պաշտոնականացված «եզրույթ» է, ու դա միանգամայն բխում է ձեր շահերից, քանզի սպառնալով անցած սեպտեմբերից ինքնահռչակվել իբրև «ընդդիմադիր», այդպես էլ չստացվեց դա: «Ոչ իշխանականը» դուք եք և այդ անունը պահեք ձեզ համար: Մենք ընդդիմադիր ենք: Բավական է, որ չասացինք, թե «այլընտրանքային»-ը հակաքաղաքագիտական եզրույթ է և աշխարհի ոչ մի երկրում այդպիսի կեցվածք քաղաքականության մեջ չկա, քանզի բոլոր քաղաքական ուժերն իրենց տարբերվող ծրագրերով արդեն իսկ այլընտրանք են մեկը մյուսին ու իշխանությանը: Լռեցինք, թե ինչպես եք ինքներդ ձեզ անվանում, ասելով՝ գլուխը քարը, ինչպես ուզում են, թող իրենց անվանեն: Հիմա արդեն նոր բառ եք մոգոնել` արդեն մեզ համար: Նորից՝ հակաքաղաքագիտական: Գոնե այնքան նրբանկատ եղեք, որ այլոց մասին խոսելիս իմանաք, թե ինչ բառեր կարելի է օգտագործել դիմացինին չվիրավորելու համար: Սա արդեն չափն անց է և վիրավորանք է: Մի օր էլ մարտի 1-ը ոչ թե ողբերգություն ու ոճիր կորակեք, այլ անմեղ չարաճճիություն, իսկ հոկտեմբերի 27-ն էլ՝ «կռիվ-կռիվ կինո»:
Երբ լրագրողները խնդրեցին նրան մեկնաբանել ֆեյսբուքյան իր` բավական խիստ տոնով այս գրառումը, նա ասաց. «Երբ ԲՀԿ-ն հայտարարեց, որ ինքն այլընտրանք է, ես հարգեցի այդ ինքնահռչակումը և հետագայում միշտ այլընտրանք էի անվանում ԲՀԿ-ն, թեև այդ բնորոշումը քաղաքական դաշտում անձամբ ինձ համար աբսուրդային է: Բայց հիմա նրանք են սկսել մեզ տանել ինչ-որ անհասկանալի դաշտ` չորս ուժերին միասին տալով «ոչ իշխանական ուժեր» բնորոշումը: Ժառանգությունը ընդդիմադիր է, պարոնայք, ուրեմն ոչ իշխանականը դուք եք»:
