Ձկնաբուծությամբ զբաղվողներին օրինական դաշտ մտնելու հնարավորություն կընձեռվի

նյութի նկարՀրազդան-Արաքսյան ջրանցքում ապօրինի ձկնաբուծությամբ զբաղվողներին օրինական դաշտ մտնելու հնարավորություն կընձեռվի: Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն այսօր ընդունեց փետրվարի 20-ին նախարարության համապատասխան ստորաբաժանման կողմից  Հրազդան-Արաքսյան ջրանցքի Երասխավանի հին ձախակողմյան ճյուղավորման հոսքը թեստային նպատակներով մի քանի ժամով անջատելու արդյունքում հայտնաբերված տասնվեց ապօրինի գործող  ձկնաբուծական տնտեսությունների ղեկավարներին:

Վերջիններս ջրանցքի վերոհիշյալ ուղղությամբ սեփական նախաձեռնությանբ, առանց ջրօգտագործման թույլտվության, տնտեսական գործունեություն էին ծավալել: Նախարարի հետ հանդիպմանը հրավիրվել էին նաև այդ ուղղությամբ գրանցված գործունեություն իրականացնող, սակայն համապատասխան ջրօգտագործման թույլտվություն չունեցող ևս երկու ընկերության ներկայացուցիչ:

Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը տնտեսվարողներին տեղեկացրեց, որ նախարարությունը հնարավորություն է ընձեռում արագացված և պարզեցված ընթացակարգով նրանց փաստացի ջրօգտագործումը բերել օրինական դաշտ և ձևակերպել մակերևութային ջրերի օգտագործման թույլտվություններ:  Նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետին հանձնարարվեց հենց տեղում ձկնաբույծներին ծանոթացնել ջրօգտագործման թույլտվություն ստանալու կարգին և պահանջվող փաստաթղթերին, որպեսզի տնտեսվարողները արդեն երկուշաբթի օրը ներկայացնեն համապատասխան փաստաթղթերը:

Պատասխանելով ձկնաբույծներին հուզող հարցերին՝ Արամ Հարությունյանը շեշտեց, որ նախարարությունը բոլոր հնարավոր միջոցներով ընդառաջելու է ոչ խորքային ջրային պաշարներից օգտվող տնտեսվարողներին, հատկապես  ջրանցքի այդ հատվածում գործունեություն ծավալողներին, քանի որ վերոհիշյալ ճյուղից անհամեմատ մեծ քանակությամբ ջուր է առանց օգտագործման վերջին հաշվով թափվում Արաքս գետ:

Նախարարի հետ հանդիպումից հետ Բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալությունում ձկնաբույծների համար կազմակերպվեց խորհրդատվական-ճանաչողական հանդիպում ոլորտի մասնագետների հետ:

 

Tags: ,