Կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի պլատֆորմը, առիթ համարելով Կանանց միջազգային օրը, այսօր հավաքվել է Թաքսիմի ՙՙԳեզի՚՚ այգու մոտակայքում՝ այնտեղից երթ սկսելով դեպի Իսթիքլալ պողոտա: Այս պահին պողոտայում հարյուրավոր ցուցարարներ են հավաքվել և պաստառները ձեռքերին բացականչում են ՙՙկանանց նկատմամբ բռնությունը կդադարեցնենք՚՚, ՙՙամեն տեղ Թաքսիմ է, ամեն տեղ դիմադրություն՚՚ և մի շարք այլ արտահայտություններ: Կանանց իրավունքների համար պայքարող հասարակական կազմակերպություններին են միացել նաև այլ միավորումների անդամներ, որոնք առիթը բաց չեն թողել հերթական անգամ բարձրաձայնելու իրենց բողոքը, իրենց իրավունքներն ու պահանջները:
ՙՙԳեզի՚՚ այգու իրադարձություններից հետո այս տարածքը գտնվում է մշտական հսկողության ներքո: Այսօր տեղի ունեցող ցույցերը վերահսկելու համար Թաքսիմի հրապարակը փակվել է թուրքական ոստիկանության կողմից: Ոստիկանները հավաքվել են
Իսթիքլալ պողոտայի տարբեր մասերում և պատրաստ են միջամտության: Ցուցարարների աղմկոտ քայլերթը շարունակվում է, ոստիկանությունը տարածքից չի հեռանում:
Տաթևիկ Սարգսյան՝ Ստամբուլից հատուկ ՙՙԱնկախ՚՚-ի համար
Tags: գեզի, Թաքսիմի հրապարակ
