Բաքվում Սովետսկայա փողոցի բնակիչները շարունակում են բողոքի ցույց կազմակերպել

բաքու, ցույցԲաքվում  ոստիկանությունը և ՆԳՆ արագ արձագանքման աշխատակիցները կանխել են մարտի 9-ին Սովետսկայա փաղոցի և նրան հարող տարածքների բնակիչների բողոքի ակցիան: Սոցիալական ցանցերի միջոցով հայտարարվել էր, որ ցույցը կայանալու է տեղի ժամանակով 14:00 Նարիմանովի (նախկինում Սովետսկայա) պողոտայում գտնվող դպրոցի դիմաց:   Բնակիչների դժգոհության պատճառը իրենց տները քանդելու համար վճարվելիք փոխհատուցման չափն է, հաղորդում է ադրբեջանական “Կոնտակտ” կայքը:

Սակայն արդեն կեսօրից հետո դպրոցի տարածքը ոստիկանության խիստ հսկողության տակ է անցել: Բացի դրանից տարածքում տեղակայվել է մոտ 10 ավտոբուս` ՆԳՆ արագ արձագանքման աշխատակիցներով:

Ոստիկանները հեռացնում էին բոլոր նրանց, ովքեր փորձում էին հավաքվել դպրոցի դիմաց: Մի մարդ ձերբակալվել է:  Քաղաքացիները հայտարարել են, որ պայքարելու են այնքան ժամանակ, մինչև չստանան արդարացի փոխհատուցում: Նրանք պահանջել են նաև ազատ արձակել ակտիվիստներին, ովքեր ձերբակալվել էին մարտի 3-ի ցույցի ժամանակ:

Բնակիչները պահանջում են 1 քառակուսի մետրի համար վճարել 2.500 մանաթ, մինչդեռ իշխանությունները ցանկանում են նրանց վճարել ընդամենը 1.500 մանաթ: Օրերս փոխվարչապետ Աբիդ Շարիֆովը խոստացել էր, որ բնակչության փոխհատուցման հարցը հատուկ կարգով քննարկվելու է: Իշխանությունները հայտարարել են, որ ստիպողաբար չեն քանդի այն տները, որոնց սեփականատերերը համաձայն չեն փոխհատուցման հետ: Սակայն քաղաքացիները չեն հավատում պաշտոնյաներին:

Հիշեցնենք, որ փետրվարի 16-ին և մարտի 3-ին ևս Սովետսկայա փողոցի բնակիչները ցույց էին կազմակերպել:

 Անկախ

Tags: , ,