Հարբուխի առաջացմանը նպաստում են մրսածությունը, օդի խիստ փոշոտվածությունն ու աղտոտվածությունը: Քրոնիկական հարբուխի առաջացմանը նպաստում են ալկոհոլի չարաշահումը, սրտի և երիկամների հիվանդությունները և այլն:
Հիվանդության սկզբում, լորձաթաղանթի այտուցվածության հետևանքով քթի խոռոչում կամ կոկորդում առաջանում է այրոցի և չորության զգացում: Մի քանի օր անց քթից սկսվում է առատ լորձաջրային արտադրություն: Նման դեպքերում թեկուզ ընդհանուր վիճակը քիչ է փոխվում, ջերմաստիճանը բնականոն է կամ աննշան բարձրացած, այնուամենայնիվ, առաջանում է ծանրության զգացում գլխում, նվազում է աշխատունակությունը, դժվարանում քթային շնչառությունը/,-archive2.ankakh.com-ի հետ զրույցում նշեց բժիշկ Նարինե Տոնոյանը:
Բժշկի համոզմամբ հիվանդության սկզբում, հետագա խորացումը կանխելու նպատակով, հարկավոր է խմել տաք թեյ` մեղրով կամ մորու մուրաբայով, քթանցքների մեջ կաթեցնել բժշկի նշանակած անոթասեղմիչ կաթիլներ: Արդյունքում պակասում է լորձաթաղանթի այտուցը, քչանում արտադրությունը, լավանում քթային շնչառությունը:
Շատ կարևոր դեր է կատարում օրգանիզմի կոփումը, ինչը հնարավորություն է տալիս հարմարվել ջերմաստիճանի փոփոխություններին: Այդպիսի կոփումը հնարավոր է օդային և արևային լոգանքների, ջրային բուժարարողությունների շնորհիվ: Կարևոր է նաև անձնական հիգիենայի կանոնների պահպանումը:
Վերջերս էլ ճապոնացի հետազոտողները հայտնաբերել են, որ գարեջրի մեջ առկա հումուլոն նյութն օգնում է հարբուխ և այլ ավելի լուրջ հիվանդություններ բուժելուն: Գարեջրի առանցքային բաղադրիչը գայլուկն է, որը բացի խմիչքին դառնահամ տալուց, իր մեջ պարունակում է հումուլոն, որն էլ պաշտպանում է օրգանիզմը վիրուսներից:
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ
Tags: հարբուխ, Հումուլոն նյութ, Նարինե Տոնոյան